Նարեկ Նալբանդյանը «Հրազդան ցեմենտը» դեռ չի գնել, բայց արդեն աշխատանքներ է սկսել այնտեղ

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանի զայրույթը հարուցած «միամիտ» գործարար Նարեկ Նալբանդյանը, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թեպետ հաղթել է «Հրազդան ցեմենտի» աճուրդը, բայց չի կարողացել գնել այն, քանի որ «Ամիօբանկը» վերջին պահին հրաժարվել է տրամադրել շուրջ 7.6 մլրդ դրամի վարկը: Աճուրդից ավարտից 10 օր անց Նալբանդյանն ընդամենը կարողացել է վճարել աճուրդով հաստատված գումարից (11. 1 մլրդ դրամից) 3.5 մլրդ դրամը վճարել է, իսկ մնացած 7.6 միլիարդը այդպես էլ չի կարողացել վճարել, քանզի բանկը հրաժարվել է նրան փոխանցել նախապես հաստատված վարկը: Դրա համար Նալբանդյանը դիմել է «Հրազդան ցեմենտի» պարտատերերի ժողովին, որ նիստ գումարեն և որոշեն դիմել դատարան, որպեսզի դատարանի միջոցով փորձեն ժամանակ շահել, որ բանկը վարկը տրամադրի:

MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր ժամը 14:00-ին կայացել է «Հրազդան ցեմենտի» պարտատերերի ժողովը, որտեղ պետք է որոշվեր` ընդառաջ գնու՞մ են Նարեկ Նալբանդյանի խնդրանքին և դիմու՞մ են դատարան, որ ժամանակ ձգեն (մեր տեղեկություններով` մինչև դեկտեմբերի 14-ը), թե՞ մերժում են խոշոր գործարարի խնդրանքը:

Այսօր Նարեկ Նալբանդյանը մի «կուլտուրական» և ինքն իրեն գրեթե սրբադասող հարցազրույց է տվել, որտեղ հերոսաբար պատմել է, թե ինչպես և ինչ արժեքով է իբրև թե ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»` հանրությունից թաքցնելով այն փաստը, որ բանկն իրեն վերջին պահին վարկ չի տրամադրել, հետևաբար ինքը, իրականում, ոչ մի «Հրազդան ցեմենտ» էլ չի գնել, ու դեռ հարց է` կգնի՞, թե՞ ոչ: Իրեն այդ մասին չեն հարցնում, ինքն էլ ոչինչ չի խոստովանում:

Փոխարենը, մեր տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը, «Հրազդան ցեմենտը» դեռ չգնած` արդեն վերանորոգման աշխատանքներ է սկսել այնտեղ, ավելին` մեզ ասացին, որ այս օրերին շուրջ 2000 տոննա կլինկոր է ներկրել գործարան, որ ցեմենտ արտադրի, ընդ որում` այդ կլինկորը ներկրվել է Վրաստանից, համենայնդեպս` վրացական ֆուռերով բերել:

Ի դեպ, MakaryanNews-ը տեղեկացավ, որ «Հրազդան ցեմենտի» խոշոր պարտատերերից է հանդիսանում հենց «Ամիօբանկը», որին գործարանը, մեր տեղեկությամբ, շուրջ 108 մլն դրամ է պարտք: Պարտատերերից են նաև ՊԵԿ-ը, ՀԷՑ-ն ու «Գազպրոմ Արմենիան»: Ուստի հետաքրքիր է` նույն «Ամիօբանկը», որ մի անգամ արդեն հրաժարվել է վարկ տրամադրել Նարեկ Նալբանդյանին, այս անգամ կցանկանա՞ նրան երկրորդ շանս տալ և թույլ տալ, որ դատարանի միջոցով Նալբանդյանը ժամանակ շահի, որ հետո բանկն իր գրպանից փող տրամադրի, որ խոշոր գործարարը փակի գործարանի` բանկին ունեցած պարտավորությունը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով