Մահացել է փոխգնդապետ Գալուստ Թումասյանը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Խորը ցավով հայտնում ենք ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի պետ՝ փոխգնդապետ Գալուստ Թումասյանի անժամանակ մահվան մասին:

Վաստակաշատ դասախոսը շուրջ երեք տասնամյակ իր գիտելիքներն ու մասնագիտական հարուստ փորձը նվիրել է Ռազմաբժշկական ֆակուլտետին՝ կարևոր ավանդ ունենալով ապագա ռազմական բժիշկների կրթության և մասնագիտական կայացման գործում։
2008 թվականից զբաղեցրել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի պետի պաշտոնը:
Փոխգնդապետ Թումասյանն իր ֆիզիկական պատրաստվածությամբ, բարոյահոգեբանական կայունությամբ, դժվարին իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությամբ ակտիվորեն ներգրավված է եղել ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներում՝ իր գիտելիքն ու փորձը ծառայեցնելով մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Ծառայության ընթացքում ձեռք է բերել հարուստ աշխատանքային փորձ, մասնակցել է ՆԱՏՕ-ի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված «RESCUER-MEDCEUR-05» և «MEDCEUR-08» միջազգային զորավարժություններին՝ արժանանալով համապատասխան հավաստագրերի։

Իր ծառայության ընթացքում փոխգնդապետ Թումասյանն աչքի է ընկել բարձր կարգապահությամբ և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Երկարամյա բարեխիղճ ծառայության և մասնագիտական վաստակի համար արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ» (2008 թ.), «Դրաստամատ Կանայան» (2015 թ.), «Անդրանիկ Օզանյան» (2024 թ.) մեդալների, ինչպես նաև «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մեդալների։ Մշտապես ձգտել է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ու ծառայողական պատրաստվածության բարձրացմանը՝ մասնակցելով որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների։

Նա իր աշխատանքով ու նվիրումով արժանացել է ծառայակիցների հարգանքին և վստահությանը՝ թողնելով պատվով անցած զինվորական ծառայության հիշատակ։
Գալուստ Թումասյանի անունն ու բարի հիշատակը միշտ կմնան նրան ճանաչողների, ծառայակիցների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու և շփվելու պատիվը։

Հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Հուղարկավորությունը տեղի կունենա՝ նոյեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին Ռոտունդա սգո սրահից (Դավիթ Բեկ 83/12):

Երևանի պետական բժշկական համալսարան

 

Կիսվել նյութով