ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակավորապես չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածները՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է հնարավոր արագ համաձայնության հասնելու հեռանկարով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Թրամփի խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ իրեն դիմել են՝ խնդրելով առայժմ հրաժարվել ռազմական գործողություններից և հնարավորություն տալ բանակցություններին։
ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ հնարավոր համաձայնության հիմնական սկզբունքներն արդեն համաձայնեցված են։ Նրա խոսքով՝ նախատեսվող պայմանավորվածությունները ներառում են նաև Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ վերջնական որոշումը կախված կլինի բանակցությունների ընթացքից՝ ընդգծելով, որ եթե կողմերը չկարողանան արագ համաձայնության հասնել, ռազմական տարբերակը կրկին կարող է քննարկվել։
Իրանը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել Թրամփի հայտարարությունը հնարավոր համաձայնության շրջանակի վերաբերյալ։