Այսօր ՔՊ-ի տված 13 ձայնով ԱԺ փոխնախագահ ընտրվեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա ընտրությամբ ամբողջական դարձավ նոր խորհրդարանի նախագահության կազմը:
Իսկ կազմը բավականին ուշագրավ է: Եթե նայում ենք ԱԺ նախագահի և նրա տեղակալների անցյալը, ապա նրանցից որևէ մեկի քաղաքական անցյալը մաքուր չէ:
Այսպես`
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախկին կարկառուն ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին է և, ինքն էլ ժամանակին հարել է ՀԱԿ-ին:
Նրա ՔՊ-ական երկու տեղակալներից Հայկ Կոնջորյանը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը և այդ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սանիկը: Հետո կտրուկ ճամբարափոխ է եղել ու «վերբովկա» եղել ՔՊ-ի կողմից` ուրանալով թե´ իր քավոր Էդմոն Մարուքյանին, թե´ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, և հիմա կարկառուն ՔՊ-ական է:
Ռուբինյանի մյուս տեղակալ Վահագն Ալեքսանյանն էլ «նախկին կյանքում»` երիտասարդ տարիներին, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, եղել է ԲՀԿ երիտթևից, բայց ինչ-ինչ պատճառներով նրան հեռացրել են ԲՀԿ շարքերից:
Իսկ, ահա, «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ նախագահի տեղակալ ընտրված Արամ Վարդևանյանը ոչ միայն նախորդ գումարման խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ պատգամավոր էր, այլև դրանից առաջ էլ` 2016 թ., երբ Կարեն Կարապետյանն էր վարչապետը, ինքն էլ` նրա խոսնակը, դիմում էր գրել ու անդամագրվել էր ՀՀԿ-ին:
Հիմա նա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի անդամ է: Կարճ ասած` այս ԱԺ նախագահությունում չորսն էլ իրար գտել են և չորսին էլ միավորում է նույն բանը` ոչ մաքուր քաղաքական անցյալը:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ