Նկարի աջ մասում գտնվող մարդը Սնանկության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանն է:
Հենց նրա որոշումից է կախված` Նարեկ Նալբանդյանի և «Հրազդան ցեմենտի» ճակատագիրը, թե կկարողանա՞, արդյոք, Նարեկ Նալբանդյանը «Հրազդան ցեմենտը», որի աճուրդի գումարը մինչ օրս չի վճարել, երեք ամսով վարձակալությամբ վերցնել, որ աշխատեցնի, թե՞ ոչ:
Իրականում, նման նախադեպ չկա, որ աճուրդով հաղթես, գումարը չկարողանաս վճարել, և քո հաղթած ընկերությունը դատարանի միջոցով վարձակալես, մինչև տեսնես` ոնց ես փողի հարցերը լուծում:
Այս գործով նիստը արդեն տեղի է ունեցել, երկու օրից դատարանը կհրապարակի որոշումը: Ի դեպ, «տարօրինակ զուգադիպությամբ» դատավոր Աշոտ Ջավախյանը, որ ասում են` մտերիմ հարաբերություններ ունի «իշխանությունների հետ ոչ մի կապ չունեցող» Նարեկ Նալբանդյանի հետ, ևս մեկ ուշագրավ գործ է քննում, որը դարձյալ ուղիղ կապ ունի Նալբանդյանի հետ: Հետևաբար, կարելի է արդեն կանխատեսել, թե դատավորը ինչ վճիռ կկայացնի, որ Նալբանդյանը գոհ մնա:
Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը և կասկածի տակ չդնելով տվյալ դատավորի անաչառությունը` այնուամենայնիվ, պետք է սպասել դատավորի կողմից որոշման հրապարակմանը: Դրանից հետո նոր կերևա` Նիկոլ Փաշինյանի սիրելի հռետորական հարցը, թե` «դատավորը ձրի՞ է նման որոշում կայացրել», ակտուալ կլինի՞ այս գործով ևս, թե՞ ոչ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ