Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։
Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին,սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այս գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու գործի շրջանակում։
Արման Սարոյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել իրեն նախկին պաշտոնում։
Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, ժամանակավորապես վերականգնել էր Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Հետագայում դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։