Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել․ «Коммерсант»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում՝ Կասպիական գագաթնաժողովից հետո, փակ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումը նախապես հայտարարված չի եղել և տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպման կազմակերպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածի ընթացքում Ուշակովը հարցը քննարկել է առանձին՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպիական գագաթնաժողովին, սակայն դրա ավարտին սպասել է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու համար։

Ավելի վաղ՝ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ, Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև առանձին հանդիպում նախատեսված չէ։ Միաժամանակ նա չէր բացառել, որ երկու ղեկավարները միջոցառման ընթացքում կարող են շփվել, գրում է պարբերականը։

Կիսվել նյութով