Հայաստանը որևէ այլ տեղ չի գտնի գազի գնման այնպիսի արտոնյալ պայմաններ, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից գազը շուկայական արժեքով գնելու դեպքում պետական բյուջեում կարող են նոր ճեղքեր առաջանալ։
«Երևանը գազը ստիպված կլինի գնել շուկայական արժեքով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր ճեղքվածքների առաջացմանը։ Ինչ-որ «սուբսիդիաների» համար, օրինակ, Բրյուսելը փող չունի․ բոլոր միջոցներն ուղղվում են Զելենսկու նացիստական ռեժիմի պահպանմանը։ Իսկ եթե նրանք ինչ-որ բան էլ գտնեն, ապա դրանք կլինեն վարկեր, որոնք Հայաստանի համար կբարձրացնեն պարտքային բեռը․ իսկ այն այսօր, հաշվի առնելով հանրապետության պետական պարտքի ընթացիկ մակարդակը, առանց այն էլ, մեղմ ասած, փոքր չէ»,- ասել է Կալուգինը։
Հուլիսի 31-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գազի ընթացիկ «եվրոպական» գները գերազանցում են 600 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Ռեշետնիկովը նշել էր, որ այդ գինը այլ կերպ, քան սուբսիդավորում, անվանել չի կարելի, քանի որ դրա չափը տարեկան կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն մայիսին հայտնել էր, որ ռուսական դեսպանատան միջոցով Երևանին նամակ է փոխանցվել։ Դրանում նշվում է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։