ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ նոր ձևավորված Կառավարությունը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովին պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Այդ նպատակով մշակվել է Կառավարության ծրագիրը, որը կներկայացվի Կառավարության նիստում։
Ազգային ժողովի կողմից ծրագրին հավանություն տալուց հետո Կառավարությունը երեք ամսվա ընթացքում կհաստատի իր գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը։ Կառավարության հնգամյա ծրագրում առանձին բաժին է նվիրված հոգևոր անվտանգությանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը։
Ծրագրում նշվում է, որ Եկեղեցու բարենորոգումը դիտարկվում է որպես արժեքահենք հոգևոր կյանքի ապահովման անհրաժեշտ պայման։ Ըստ ծրագրի՝ նախատեսվող փոփոխությունների նպատակն է Եկեղեցին վերադարձնել կանոնական դաշտ, բացառել դրա քաղաքականացումը, ապահովել ֆինանսական թափանցիկությունն ու հոգևորականների բարեվարքությունը։
Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարի հեռացումը՝ նրան հանգստի կոչելու միջոցով, որից հետո սահմանված կարգով կընտրվի Կաթողիկոսական տեղապահ։ Ծրագրով նախատեսվում է նաև Եկեղեցու կանոնադրության ընդունում, որով պետք է սահմանվեն ֆինանսական թափանցիկության, հոգևորականների բարեվարքության և ամրագրված սկզբունքների պահպանման համապատասխան մեխանիզմներ։
Հաջորդ փուլում, սահմանված կարգով, նախատեսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։ Բացի այդ, Կառավարությունը նախատեսում է հոգևոր ծառայողներին ներառել սոցիալական պետական երաշխիքների համակարգում և քայլեր ձեռնարկել Եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ։