MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Չարենցավանում: Չորս հոգով Չարենցավանի Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ենթակայանի մոտ դարանակալել են Գրիշա Կարապետյան անունով Չարենցավանի մի բնակչի, որը գործով այդ պահին ենթակայան է գնացած եղել, և դուրս գալուն պես` հարձակվել են նրա վրա, ծեծել` պատճառելով գլխի շրջանում և մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ, ապա գողացել են դրամապանակն ու դիմել փախուստի:
Դեպքից հետո Գրիշա Կարապետյանը դիմել է բուժօգնության, և նրան տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այնտեղից էլ ահազանգել են ոստիկանություն:
Թե ովքեր են եղել հարձակում գործած անձինք, մինչ այս պահը դեռ հայտնի չէ: Մենք տեղեկացանք, որ հիվանդանոց ժամանած ոստիկանները տուժողին բուժօգնություն ստանալուց հետո գլուխը վիրակապած` տարել են ոստիկանության Բյուրեղավանի բաժին, որ ցուցմունք վերցնեն: Այս պահին ոստիկանները նյութեր են նախապատրաստում և փորձում են պարզել ովքեր են հանցագործության հեղինակները:
Նշենք, որ կողոպուտից տուժած Գրիշա Կարապետյանը գործարար է, շինարարական տեխնիկա ունի և տենդերով շինաշխատանքներ է իրականացնում: