MakaryanNews-ի աղբյուրները հայտնում են, որ իրականում ոչ թե մեկ «մոլորված» կամ դիրքը լքած ադրբեջանցի զինվոր է մտել Սյունիքի մարզ ու հայտնվել Շաքի գյուղում, այլ դիվերսանտների խումբ է եղել` երեք ադրբեջանցի զինվորներիվ բաղկացած, որոնք մի քանի օր է` ՀՀ տարածքում են: Նրանցից մեկին` Շաքիի «հերոսին», ինչպես տեսանք, ձերբակալել են, իսկ մյուս երկուսին դեռ փնտրում են: Մեզ ասացին` անգամ մեկ պայմանագրային զինծառայողի են սպանել, որի վերաբերյալ, սակայն, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա:
ՊՆ-ից մեր տեղեկության վերաբերյալ միայն ասացին` իրենք նման տեղեկատվություն չունեն, պաշտոնական տեղեկատվությունն այն է, ինչ տարածել է ԱԱԾ-ն, այսինքն` չեն հաստատում երեք դիվերսանտների լուրը, իսկ պայմանագրայինի սպանության մասով էլ ասացին` մի զինվորական ընդամենը հանկարծամահ է եղել, ոչ թե նրան սպանել են:
Բայց մեր աղբյուրները պնդում են, որ դիվերսանտների մասին մի քանի օր է` դիրքերում էլ են տեղյակ, և ՊՆ-ի և մյուս գերատեսչությունների հերքումները կամ առնվազն չհաստատելը կամ «տեղյակ չլինելը» խիստ կասկածելի են համարում, այդ թվում` այն, որ զինվորականը «հանկարծամահ է եղել»: Եվ այն, որ Շաքիում 39-ամյա հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի մասին երեք օր է` նույն ՊՆ-ն և մյուս իրավապահները ոչինչ չէին ասում, մինչև որ նա իր «սև գործը» չտեսավ ու դրանից աղմուկ չբարձրացավ, ուժային կառույցների պատասխաններն այս իմաստով շատ քիչ են արդեն հավատ ներշնչում: