Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Աիդա Կարապետյանը։
Կարապետյանը, հղում կատարելով բժշկական գաղտնիքին, այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ կնոջ վիճակն արդեն կայուն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակչուհու ոտքին։ Վիրավորված կինը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Երևան։
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել նաև վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ արձանագրվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։
ԱԱԾ-ից հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրն էր լքել սեպտեմբերի 29-ին։ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննության մարմին։