Ինչու՞ են բոլորը ազատության մեջ, բացի Ալիկից

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Ուժեղներից» Ալիկ Ալեքսանյանի գործի առանձնահատկությունն այն է, որ նույն գործով անցնող տասնյակ մեղադրյալներից միայն ինքն է անազատության մեջ: Ամենաշատ չարչարանք, փաստորեն, իրեն հասավ` ընտրություններից առաջ կալանավորվեց, ու այսօր նոր հազիվ տնային կալանք տվեցին:

Մինչդեռ, այս «սարսափազդու» գործով անցնող տասնյակ այլ անձինք, որոնց ներկայացված է նույն մեղադրանքը, ինչ Ալեքսան Ալեքսանյանին, ոչ մի օր բանտում չեն անցկացրել և ստորագրությամբ կամ վարչական հսկողությամբ ազատության մեջ են մինչ օրս:

Սա բնավ չի նշանակում, որ նրանց էլ պետք է անհապաղ կալանավորել` որպես «դարի հանցագործների», այլ ուղղակի հարց է առաջացնում` ինչու՞ նստեցրին հենց Ալիկին:

Այստեղ երկու տարբերակ կարող է լինել. կամ տիկին դատախազությունը, պարոնայք դատավորներն ու մյուս իրավապահները Ալիկին շատ են սիրում և ուզում են, որ նա հնարավորինս մոտ լինի իրենց, կամ նրանք բոլորը` իրենց «հանձնարարություն չտվողի» հետ միասին, վախենում են հենց միայն ու միայն Ալիկից, որի վրա, ինչպես երևաց նրա տեսքից, բանտային պայմանները բավականին լավ են անդրադարձել` լավ լցվել էր, պարապել էր ու մկան գցել, կարճ ասած` ավելի էր ուժեղացել:

Բայց քանի որ սա duxov տղաների և աղջիկների իշխանություն է, որոնք եթե մի քիչ ահասարսուռ և խիստ հայացքով Քոչարյանի մուսկուլներից չեն վախեցել, այս բարի դեմքով ու մշտապես ժպտերես Ալիկի մուսկուլներից հազիվ թե վախենային, հետևաբար մնում է առաջին տարբերակը` նրանք Ալիկին շատ են սիրում:

Իհարկե, թող Աստված հեռու պահի այդօրինակ սիրուց, այն էլ` նրանց կողմից, բայց սա բնավ դատական համակարգի անարդարության և, կասեր իմ` համարյա չեզոք հայացքներով փաստաբան ընկերներից մեկը, թշվառության մասին չէ վկայում, այլ պարզ, մարդկային սիրո` ուղղակի «իրականհայաստանյան» իրավապահների կողմից:

Դե, էդ մարդիկ էլ էդպես են սիրում. գնացեք Իրավաբանականի իրենց դասախոսներին հարցրեք, թե «ռոմանտիկայի» ժամին ինչու՞ են սիրո նման ձևեր ուսուցանել:

 

Կիսվել նյութով