ՀՀ ֆինանսների և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը պնդում է, որ նրա նկատմամբ կալանքը կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման պատճառաբանված մասը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ո՛չ Խաչատրյանին, ո՛չ նրա փաստաբաններին։ Պաշտպանները դա գնահատում են որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում։
Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանք՝ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ Խաչատրյանը ծանր առողջական խնդիրներ ունի և չի կարողանում ինքնուրույն քայլել։
Փաստաբանների պնդմամբ՝ դատարանի որոշման պատճառաբանված մասը չստանալու հետևանքով պաշտպանական կողմը չի կարողացել ներկայացնել հատուկ վերանայման բողոք և փաստացի զրկվել է կալանավորման օրինականությունը վիճարկելու հնարավորությունից։ Նրանք նաև նշում են, որ հունիսի 5-ին և 7-ին դատարանը մերժել էր Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները։
Պաշտպանական թիմը պնդում է նաև, որ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը հաշվի չի առնվել։ Նրանց փոխանցմամբ՝ այժմ նա գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ, ըստ փաստաբանների, չեն ապահովվում նրա առողջական վիճակին անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հաշմանդամության հետ կապված որոշ անհրաժեշտ միջոցներ և իր ընտրած բժշկի կողմից զննության հնարավորությունը։
Գագիկ Խաչատրյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել՝ նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Պաշտպանական կողմը ՄԻԵԴ-ում բարձրացրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների հնարավոր խախտումների հարցը։
Դիմումում, մասնավորապես, պնդվում է, որ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով։ Ըստ պաշտպանների՝ չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը՝ նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, ինչից հետո նրա առողջական վիճակը վատացել է։