Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականի պատերազմի տարելիցի օրը, ՕՏԱ-ի եթերում Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները։
Հանրային հեռարձակողի տարածած հայտարարության համաձայն՝ դեպքը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում և արժանացել դժգոհության ու քննադատության, ինչից հետո ՕՏԱ-ն ներողություն է խնդրել։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի տեղի ունեցածի հանգամանքները և իր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ կձեռնարկի պատասխանատու անձանց նկատմամբ՝ հետագայում հասարակության համար գերզգայուն թեմաների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի դրսևորումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։