ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՍԱՏՄ-ից արձագանքել են «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում Ռոսսելխոզնադզորի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։

Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը, անդրադառնալով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմման կամ վերացման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին, նշել էր, թե Հայաստանից ակնկալում են հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։

 

Կիսվել նյութով