Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվեցին Արմեն Գասպարյանն ու Լևոն Հակոբյանը, փոխարենը նորից նախարարի տեղակալ նշանակվեց երեկ առաջին տեղակալի պաշտոնից ազատված Լենա Նանուշյանը:
Փաշինյանի այս որոշումը, MakaryanNews-ի տեղեկություններով, ոչ միանշանակ է ընդունվել բժշկական համայնքի կողմից: Նրանք զարմացած են հատկապես Արմեն Գասպարյանի ազատմամբ, թե ինչպես կարելի էր մասնագիտությամբ բժիշկ և իր գործում պրոֆեսիոնալ փոխնախարարին, որը գիշերուզօր հասանելի էր բժիշկների համար, ազատել պաշտոնից, և կրկնակի զարմացած ու զայրացած են, թե ինչպես կարելի էր վերանշանակել փաստացի ոչ մի գործ չանող, իրեն բլոգերի տեղ դրած ու աշխատանքայի ժամերին իր աշխատանքի մասին բլոգ նկարող Նանուշյանին, որը հասցրել էր նաև բժիշկներին ծաղրելու համար հայտնվել սկանդալի մեջ և արժանանալ քննադատությունների:
Այստեղ տարօրինակ է, սակայն, ոչ այնքան Փաշինյանի հրամանը, որքան նախարար Անահիտ Ավանեսյանի դիրքորոշումը, քանզի նա է Փաշինյանին առաջարկել` ում պահել և ում ազատել: Փաստորեն, Ավանեսյանը նախընտրել է ոչ թե իր թիմում ունենալ պրոֆեսիոնալների, այլ իր մոտ պահել իր սուրճի ընկերուհուն, որն, ի դեպ, ասում էին` աչք ունի իր աթոռի վրա և նախարարի առաջին տեղակալի կարգավիճակում էլ մշտապես մեծ ամբիցիաներ է դրսևորել` իր այդ պահվածքով ևս վանելով բժշկական համայնքին իրենից: Հիմա, թերևս այդ ամբիցիաբերը մի փոքր կնվազեն, քանզի նոր կառավարությունում այլևս առաջին տեղակալ չի լինելու` բոլոր փոխնախարարները համահարթեցվելու են: