2026 թվականի օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Գանգատը վերաբերում է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արցախի ռազմական և քաղաքական այլ գործիչների։
Գանգատում նշվում է, որ Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունները» չեն համապատասխանել արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին։ Ըստ իրավապաշտպանների՝ Բաքվի ռազմական դատարանում գործընթացները կրել են կանխորոշված բնույթ, իսկ դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց գործերը քննելու համապատասխան իրավասություն։
Բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի և անմեղության կանխավարկածի խախտումների հարցեր։ Նշվում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Իլհամ Ալիևը, գերիներին դեռևս դատավարության ավարտից առաջ հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»։
Գանգատում անդրադարձ է կատարվում նաև դատական նյութերի հասանելիության, թարգմանության, փաստաբանների հետ արդյունավետ հաղորդակցության և «դատավճիռների» բողոքարկման հետ կապված խնդիրներին։ Իրավապաշտպանները պնդում են, որ այս հանգամանքները վկայում են Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետության մասին։