Ի՞նչ է փնտրում Քննչականը «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսներում, որ չի ուզում դրանք վերադարձնել

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Ավելի քան երեք ամիս առաջ` հունիսի 5-ին, իրավապահները մտան «Արմատ մեդիա» լրատվական կայքի խմբագրություն` խուզարկության և խաբեությամբ առգրավեցին խմբագրության համակարգիչներն ու աշխատակիցների անձնական հեռախոսները: Ինչու՞ խաբեությամբ, որովհետև սկզբում չեն ասել` հեռախոսները պետք է առգրավեն, և թույլ են տվել, որ մեդիայի աշխատակիցները հեռախոսներն ազատ օգտագործեն: Սակայն որոշ ժամանակ անց` քննիչներից մեկին զանգ է եկել, որից հետո, հավանաբար վերևից հրահանգ ստանալով, լրատվամիջոցի խմբագրի, լրագրողների և անգամ տեխնիկական աշխատակիցների բոլոր անձնական հեռախոսները առգրավել են: Թե ինչու` ոչինչ չեն բացատրել, ասել են` քրեական վարույթի շրջանակներում է, վարույթն էլ վերաբերում է «Արմատ մեդիայի» սեփականատեր Ալեքսան Ալեքսանյանին, որը մի քանի ամիս է` քաղաքական դրդապատճառներով կալանավորված է: Քննիչների տրամաբանությամբ` «Արմատ մեդիայի» լրագրողների, օպերատորների կամ մոնտաժողների հեռախոսների մեջ եղած անձնական նկարների և նամակագրության միջոցով իրենք պետք է Ալիկ Ալեքսանյանի «գլխին սարքած» գործին առնչվող և լուրջ հանցակազմ պարունակող տվյալներ գտնեն:

Ու այսպես արդեն երեք ամիս է` «Արմատ մեդիան» կապարակնքնված է, աշխատակիցների հեռախոսներն էլ Քննչական կոմիտեում են և չեն վերադարձվում: Ուշագրավն այն է, որ եթե քննիչների «տրամաբանությամբ» մեդիայի օպերատորների կամ լրագրողների հեռախոսները փորփրելիս իրենք պետք է ինչ-որ գաղտնի պլան կամ հանցավոր սխեմա հայտնաբերեին, ապա նույն տրամաբանությամբ այնտեղ աշխատակիցներ են եղել, որ խուզարկության պահին պատահաբար խմբագրությունում չեն եղել, հետևաբար նրանց հեռախոսները չեն առգրավվել, այսինքն` փաստացի «խոչընդոտել են» քննությանը իրենց հեռախոսները չտալով:

Ուստի, Քննչական կոմիտեի խիստ անաչառ և պրոֆոսիոնալ քննիչները, փաստորեն, զրկվել են լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելուց, քանի որ կարող է իրենց փնտրած «հանցավոր» տեղեկատվությունը հենց այն աշխատակիցների հեռախոսների մեջ է եղել, որոնք իրենք չեն կարողացել առգրավել:

Սա չի նշանակում, թե նրանց հեռախոսներն էլ պետք է առգրավեն, այլ նշանակում է` մյուսների հեռախոսները պետք է օր առաջ վերադարձնեն` վերջ տալով այս աբսուրդին:

Քննչական կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ փորձաքննություն կա նշանակված, որի եզրակացությունը դեռ չի ստացվել, հետևաբար չեն կարող ասել, թե երբ կվերադարձվեն «Արմատ մեդիայի» աշխատակիցների անձնական իրերը կամ, ասենք, մոնտաժողի համակարգիչը:

Հավանաբար փորձագետները մինչև հիմա ուսումնասիրում են խմբագրի մանկահասակ երեխաների նկարներն ու նրա «հանցավոր» նամակագրությունը ամուսնու հետ, թե քանի հատ «պամպերս» է պետք գնել երեխաների համար կամ ինչ պատրաստեն ընթրիքին, եթե այդ օրը ռեստորանում ընթրելու ցանկություն չունեն:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով