Նիկոլ Փաշինյանի զայրույթին արժանացած գործարար Նարեկ Նալբանդյանը, մեր տեղեկություններով, չի կարողանում գնել «Հրազդան ցեմենտը», որը սնանկ է ճանաչվել։
MakaryanNews-ը գրել էր, որ «Հրազդան ցեմենտ» գործարանի աճուրդի վերջին օրը Կենտրոնական բանկի վերնախավից զանգահարել էին «Ամիօբանկ» և «վերևների» անունից միջնորդել, որ Նարեկ Նալբանդյանի վարկը հաստատեն, որպեսզի հենց ինքը կարողանա աճուրդով ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»: Բայց քանի որ հենց այդ օրը մեր հարց-շնորհավորանքին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել էր Նալբանդյանի վրա, թե վերջինս իրեն նյարդայնացնում է` իր անունը կապելով իր և իր ընտանիքի հետ, Նալբանդյանի գործերը վատացել են:
Մենք տեղեկացանք, որ այդ օրվա Փաշինյանի հայտարարությունից և «Ամիօոբանկի» վարկի մասին մեր հրապարակումից հետո բանկը «շառից-փորձանքից հեռու» լինելու համար հրաժարվել է Նալբանդյանին խոշոր վարկ տրամադրել, որ վերջինս կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»: Նշենք, որ գործարանը աճուրդի էր հանվել շուրջ 14 մլրդ դրամով, սակայն Նալբանդյանը, չգիտես ինչպես, աճուրդը «հաղթել է» ավելի ցածր գնով` 11 մլրդ 100 մլն դրամին մոտ արժեքով:
Սեպտեմբերի 14-ին գումարի վճարման օրն էր: Մենք տեղեկացանք, որ Նալբանդյանը հասցրել է վճարել գումարի մի մասը միայն` 3.5 մլրդ դրամը, իսկ, ահա, մոտ 7.6 մլրդ դրամ վարկը պետք է տրամադրեր «Ամիօբանկը», որը, սակայն, չի տրամադրել:
Եվ հիմա` հենց այս պահին, Նարեկ Նալբանդյանը փորձում է իր կապերը գործի դնելով` դատարանի միջոցով վճարման ժամանակը երկարաձգել, որ կարողանա պակասող 7.6 մլրդ դրամը բանկից ստանա և ընկերությունը վերջապես ձեռք բերի:
MakaryanNews-ի այս տեղեկությունը ամբողջապես հաստատեց «Հրազդան ցեմենտի» սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը: Նա նշեց` Նարեկ Նալբանդյանն իսկապես 3.5 միլիարդ դրամն է վճարել միայն, մնացածի համար դիմել է, որ ընկերության պարտատերերի ժողով գումարեն և որոշում կայացնեն` դիմե՞ն սնանկության դատարան, որպեսզի դատարանով թույլ տան վարկի հաստատման կամ պակասող գումարի հայթայթման համար ժամանակ տրամադրել օրենքով, թե՞ ոչ: Խաչատրյանն ասաց, որ պարտատերերի ժողովը նախատեսված է գումարել սեպտեմբերի 23-ին, այդ օրը հայտնի կդառնա` Նարեկ Նալբանդյանին շանս կտա՞ն, որ նա կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը», որի բացումն ուզում է նշել մեծ շուքով, թե՞ ոչ:
Նկատենք նաև, որ աճուրդից հետո 10-օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և նման պրակտիկա չկա, օրենքն էլ չի սահմանում, որ կարելի է գումարի հայթայթման համար ժամանակ ձգել:
Հիմա ամեն ինչ կախված է Նարեկ Նալբանդյանի` դատաիրավական համակարգում ունեցած կապերից և իրենից տարանջատվել ցանկացող իշխանությունների բարեհաճությունից:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ