Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիներն «Այո» ասացին «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին։

Ընտրողների ցուցակներում ընդգրկված էր 2 163 967 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցեց 2 056 758 մարդ, այսինքն՝ մոտ 95 տոկոսը։

Անկախությանը կողմ քվեարկեց 2 042 627 մարդ՝ 99,51 տոկոսը։

Դեմ քվեարկեց 10 002 մարդ՝ 0,49 տոկոսը։

Անվավեր կամ չլրացված քվեաթերթիկների թիվը կազմեց 4 129։

Այսպիսով, հանրաքվեի արդյունքով անկախության օգտին քվեարկեց քվեարկության մասնակիցների ճնշող մեծամասնությունը։

Հանրաքվեի արդյունքներից երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։

Անկախության հանրաքվեից հետո սկսվեց նոր պետական կառավարման համակարգի ձևավորումը։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ։ Այդ օրը Ալմաթիում ԽՍՀՄ նախկին մի շարք հանրապետությունների ղեկավարներ ստորագրեցին Ալմաթիի հռչակագիրը։

Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գոյությունը պաշտոնապես դադարեց։

Իսկ 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ին՝ որպես լիիրավ անդամ։

Կիսվել նյութով