Քաշքշել ու պատռել է առաջին դասարանցու հագուստը․ դասվարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել նույն դասարանի աշակերտին: Այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Մասնավորապես՝ դասվարը դասասենյակում, դասընկերների ներկայությամբ, աշակերտի նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք՝ պարբերաբար թիրախավորել է նրա վարքագիծն ու անձը, նրան դիմելիս խոսել է ոչ նորմատիվային, վիրավորական բառապաշարով, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել է՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել է նրան, համադասարանցիներին հորդորել է չշփվել, չխաղալ նրա հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դասվարի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կիսվել նյութով