Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը

Հեղինակ
4 արդեն րոպե ընթերցում ես

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝
-26 անշարժ գույք.
-7 տրանսպորտային միջոց.
-5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Թե որտեղից Լևոն Մկրտչյանին և նրա հետ փոխկապակցված անձանց այսպիսի հսկայական կարողություն, թերևս կիմանա ինքը՝ Լևոն Քոչարյանը, իր հարազատ ՀՅԴ կուսակցության անդամները գուցե և նրան յոթ անգամ ԿԳ նախարար նշանակած Սերժ Սարգսյանը։

Բայց գույքերի ծագումը դեռ մի կողմ․ այստեղ այլ հարց է առաջանում՝ ո՞ւր է Լևոն Մկրտչյանը։ Այն դաշնակցական Լևոն Մկրտչյանը, որը ՀՅԴ-ի քվոտայով ուղիղ յոթ անգամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նախարար է նշանալկվել և այդ ընթացքում հասցրել այսքան շարժական ու անշարժ գույք, միլիոնավոր դրամներ դիզել՝ չոր աշխատավարձով և արդար քրտինքով, բնականաբար։

2018 թվականի կասկածելի իշխանափոխությունից ու հատկապես պատերազմից հետո հետո Լևոն Մկրտչյանը կտրուկ անհետացավ քաղաքական դաշտից։ Մենք նրան չէինք տեսնում որևէ ձևով քաղաքական պայքարի մեջ՝ ո՛չ իր հարազատ կուսակցության կազմակերպած Հայրենիքի փրիկության շարժման, ոչ Դիմադրության շարժման հանրահավաքներին, ոչ էլ որևէ այլ հարթակում կամ ձևաչափում։ Փոխարենը նրան մենք քանիցս այդ ընթացքում հանդիպել ենք Երևանում կնոջ հետ կամ միայնակ զբոսնելիս։ Երբ իր կուսակից դաշնակցական ընկերները մի քանի փողոց այն կողմ ճամփա էին փակում, ոստիկանների հետ կռվի բռնվում, ծեծվում, ընկնում ոստիկանություն, բանտարկվում, Լևոն Մկրտչյանը այդ ընթացքում վայելում էր Երևանը՝ իհարկե, միտինգներից հեռու, ավելի հանգիստ ու «անշառ» փողոցներում։ Ի՞նչ է, Ընկեր Իշխանից (Իշխան Սաղաթելյանից) լա՞վ տղա է Լևոն Մկրտչյանը, թե՞ նրանից ավելի հայրենասեր է, որ այդքան գույքի և ունեցվածքի վրա նստած՝ ձայն չի հանում, չի խոսում, չի արտահայտվում, անգամ յոթ անգամ իր ղեկավարած ոլորտի՝ կրթության ու գիտության խնդիրներից չի խոսում, թե ինչպես է ներկայիս նախարարը ապականում և ոչնչացնում ոլորտը։ Էլ չենք ասում՝ գոնե մի բառ ասեր Արցախը հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներից թշնամուն հեկտարնեով հող զիջելու, երկրում տիրող անարխիայի, ամնեաթողության, քաղբանտարկյալների, Բաքվում պահվող մեր գերիների մասին, վերջապես։ Չկա։ Ոչ մի խոսք։ Վայելում է իր ունեցվածքը, որի մի մասը գուցե վաղը ստիպված կամ դատախազության հետ համագործակցելով զիջի պետությանը, որ շարունակի գլուխը անդարդ՝ վայելել ունեցվածքի մյուս մասը (գուցե հենց առյուծի բաժինը)։

Կարելի է մտածել, թե ապօրինի գույքի հոդվածով է անցնում, ձայն չի հանում, որ իրավապահներն ավելի չնեղեն։ Իսկ Իշխան Սաղաթելյանն ու իր ընտանիքի անդամները այդ նույն հոդվածով չե՞ն անցնում, Կրթության ու գիտության նախկին նախարար , բանտից մի կերպ դուրս եկած Արմեն Աշոտյանն այդ նույն հոդվածով ու քրեական գործերով չի՞ անցնում, թե՞ Իշխան Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանն ու մյուսները կորցնելու բան չունեն՝ ինքը ունի։ Երևի Լևոն Մկրտչյանին թվում է, որ Աշոտյանին, Սաղաթելյանին ու իր մյուս նախկին կոլեգաներին դուր է գալիս նիկոլական ռեժիմի կողմից հալածվելը, բանտարկվելը, քրեական գործերով անցնելը, իսկ իրեն դուր չի գալիս, դրա համար էլ չի ուզում ռեժիմի դեմ պայքարելով՝ անցավ գլուխը ցավի տակ դնել։

Հ․Գ․ Եկեք ընդունենք, որ Լևոն Մկրտչյանին յոթ անգամ Կրթության ու գիտության նախարար կարող էր նշանակել միայն Սերժ Սարգսյանի նման հզոր ստրատեգը։ Այդպիսի տաղանդ միայն նա կարող էր ունենալ, ու եթե 2018 թվականի իշխանափոխությունը չլիներ, Սերժ Ազատիչը Լևոն Մկրտչյանին երևի 8-րդ անգամ էլ նշանակեր նախարար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով