Կառավարությունը հաստատել է ՆԳՆ նախաձեռնությունը․ ընդունվել է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման առավել արդար և միատեսակ մեթոդաբանություն (տեսանյութ)

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Մարտի 5-ին ՀՀ կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում գրանցման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության առավել օբյեկտիվ որոշումը և ներդնել գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմ։

«Փոփոխության առաջարկը ստացել ենք մեր քաղաքացիներից, որի արդյունքում որոշել ենք հաշվարկման կարգը փոփոխել, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել»,-նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այսօր էլեկտրամոբիլների մի շարք սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր չափով, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլի շարժիչի իրական հզորությունը.
«Ներկայումս հաշվարկի հիմքում կիրառվում է պիկային հզորությունը, որը հաճախ արագությանը նպաստող առավելագույն ցուցանիշն է և հիմնականում կրում է մարքեթինգային բնույթ․ այն, որպես կանոն, ավելի բարձր է, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունը:

Նոր մոտեցմամբ՝ հաշվարկի հիմքում կընդունվի շարժիչի արդյունավետ՝ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։ Եթե էլեկտրամոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, որտեղ կա կայուն հզորության ցուցիչ՝ հիմք կընդունվի այդտեղ նշված շարժիչի հզորությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ էլեկտրոնային անձնագիր չլինելու դեպքում շարժիչի հզորությունը կհաշվարկվի հետևյալ կերպ․

• մինչև 250 ձիաուժի դեպքում ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
• եթե շարժիչի հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ մնացած մասը՝ 2.5 գործակցի։

Օրինակ՝ եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է և շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, գործող կարգով դրա համար վճարվում է մոտ 133400 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43500 դրամ։

«Մեկ այլ օրինակով՝ 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում ներկայումս գույքահարկը կազմում է մոտ 666 հազար դրամ, իսկ նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276 հազար դրամ»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։

Տեսանյութը՝ այստեղ

Կիսվել նյութով