ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Forbes-ում հոդված է գրել սեփակա՞ն, թե՞ արհեստական ինտելեկտով

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոդված է գրել Forbes հեղինակավոր ամսագրում, որը հրապարակվել է մարտի 5-ին՝ «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան` զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով:
Հոդվածում նախարարն անդրադարձել է Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։

Նախարարը այս հոդվածը, սակայն, կարծես թե գրել է ոչ թե սեփական, այլ արհեստական ինտելեկտի միջոցով։ Այդ մասին է վկայում արհետսական բանականության գործիքներ կիրառող gptzero.me կայքում հենց արհեստական բանականության պատասխանը։ Makaryan News-ը մի երկու պարզ քայլ կատարեց, որի արդյունքում ստացանք այդպիսի պատասխան։ Մասնավորապես, երբ հոդվածը copy paste ենք անում նշյալ կայքի համապատասխան դաշտում, կողքը բերում է հետևյալ պատկերը, որ հոդվածը, ամենայն հավանականությամբ, 100 տոկոսով գեներացված է AI-ի միջոցով, իսկ մարդկային միջամտությունը 0 տոկոս է։ Եթե հավատանք GPTzero կայքին, ապա ստացվում է՝ Մխիթար Հայրապետյանը հոդված գրելիս նախընտրել է ապավինել արհետսական ինտելեկտին, այլ ոչ թե սեփական ինտելեկտին։
Պարզաբանման համար Makaryan News-ը դիմեց ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությանը՝ ճշտելու, թե իսկապե՞ս նախարար Մխիթար Հայրապետյանը Forbes-ում հոդված գրելիս օգտվել է արհեստական բանականության գործիքներից, և ինչո՞ւ։

Նախարարությունից տվեցին հետևյալ պատասխանը․

Հոդվածը պատրաստվել և հրապարակվել է Forbes Technology Council-ի խիստ չափանիշներին համապատասխան, որոնք հստակ սահմանում են՝ բովանդակությունը պետք է լինի բացառապես հեղինակային և արտացոլի մարդու անհատական փորձառությունն ու վերլուծությունը: ԱԲ-ի կողմից գեներացված տեքստերի հրապարակումը խստիվ արգելված է և անցնում է բազմափուլ խմբագրական ստուգում, հետևաբար նման հարցադրումը տվյալ դեպքում հիմնավոր չէ։ Հարկ ենք համարում նշել, որ տեքստերում ԱԲ գործիքների կիրառելիությունը ստուգող բազմաթիվ հարթակներ հաճախ սխալմամբ հեղինակային տեքստը որակում են որպես ԱԲ գեներացված, ուստիև չեն կարող օբյեկտիվ հիմք լինել Forbes Technology Council-ի նման հեղինակավոր հարթակների խմբագրական որոշումները կասկածի տակ դնելու համար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Կիսվել նյութով