Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երազում է Հայաստանի անկախության կորստի և Խորհրդային միության նման՝ նորից միութենական կազմում մտնելու մասին։ Իր երազանքների մասին նա հայտարարեց երեկ՝ Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Աշխարհագրությունը փոխվել է, մենք պետք է լինենք միութենական կազմում»,-վստահ հայտարարեց Բալասանյանը՝ աշխարհաքաղաքական դատողություններ անելով լրագրողների հետ։
Բալասանյանի այս մտքերը, ինչպես ենթադրելի էր, իսկական վայնասուն բարձրացին ՔՊ-ականների շրջանում, որոնք շտապեցին Վիտալի Բալասանյանին կապել ընդդիմադիր տարբեր թևերի ու առաջնորդների հետ՝ նրանց թիրախավորելով «գուբերնիստակա» կոնտեքստում, որ տեսեք՝ մենք ճիշտ էինք ասում, որ ընդդիմությունը ուզում է Հայաստանը մտցնի Ռուսաստանի կազմ ու դարձնի Ռուսաստանի գուբերնիա։ Իսկ ինչո՞ւ են Վիտալի Բալասանյանի խոսքը վերագրում ընդդիմադիր առաջնորդներին կամ նրան կապում, ասենք, Ռոբերտ Քոչարյանի, հիմա արդեն Սամվել Կարապետյանի հետ, որովհետև Բալասանյանը իրեն դիրքավորել է որպես ընդդիմադիր գործիչ, նաև իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին։ Այստեղից էլ իշխանականները եզրակացրել են, որ եթե Վիտալի Բալասանյանը աջակցում է Սամվել Կարապետյանին, վերջինս էլ Ռուսաստանում հարստացած գործարար է, ուրեմն դրանից կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ շենքը այրելու փորձ արած մարդու նման, Վիտալի Բալասանյանին ևս «Սամվել Կարապետյանն է ասել», որ գնա Մայր Աթոռ ու հայտարարի՝ Հայաստանը պետք է Միութենական պետության մաս կազմի։ Կարճ ասած՝ եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է, եթե կլոր է, ուրեմն նարնջագույն է, իսկ եթե նարնջագույն է, ուրեմն նարինջ է։
Չգիտե՞ր Արցախում մեծ ճանապարհ անցած գործիչը, որ իր այս խոսքերը միանգամից ընդդիմության դեմ են օգտագործելու իշխանականներն ու հերթական անգամ թիրախավորելու են ընդդիմադիրներին ռուսականության, «ռսի ագենտ»լինելու, Հայաստանը Ռուսաստանի «գուբերնիա» դարձնելու ջատագով լինելու մեջ։ Կարծում ենք՝ գիտեր կամ պիտի, որ իմանար։ Իսկ եթե չգիտեր, ապա շատ ավելի վատ, ուրեմն Բալասանյանին պետք է կա՛մ արգելել հրապարակավ որևէ միտք ասել, կա՛մ նրան պետք է հարց չտալ, որ «չխայտառակի ռեսպուբլիկան»։ Բայց Վիտալի Բալասանյանը գիտակցաբար կամ առանց գիտակցելու (երկուսն էլ շատ վատ է) ասում է բաներ, որոնք ուղիղ կերպով ջուր են լցնում իշխանության ջրաղացին ու հարվածում ընդդիմությանը կամ դրա կոնկրետ լիդերներին, որոնք առանց այն էլ թիրախավորված են այս իշխանությունների կողմից հենց պրոռուսականության կոնտեքստում։
Վիտալի Բալասանյանն իր այսպիսի հայտարարություններով իրեն Նիկոլ Փաշինյանի կամ շարքային նիկոլականի պես է պահում, քանզի նրանք էլ են ասում բաներ, որոնք կամ չեն գիտակցում՝ ինչ են ասում, կամ գիտակցաբար են ասում՝ խաղալով հանրության էմոցիաների հետ։ Պարզապես, Փաշինյանն ու իր թիմակիցները վերջում այդ ամենից տակից այնպես են դուրս գալիս, որ ի շահ իրենց է ստացվում իրենց «բլթոցները»։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներով Բալասանյանն իր խոսքով ոչ թե օգուտ տվեց ընդդիմությանը, այլ մի բան էլ սնեց իշխանական կեղծ թեզերն ու օրակարգը, թե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները Հայաստանը ցանկանում են դարձնել Ռուսաստանի «գուբերնիա»։ Ինչ խոսք, Փաշինյանը մի պրեմիա էլ Բալասանյանին պետք է հատկացնի՝ իրեն ու իր թիմին այսպիսի մեծ օգուտ տալու համար։
Ի դեպ, սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որի մեջ «Հայելի» ակումբի Անժելա Թովմասյանը փրկիչ էր տեսնում ու Արցախը հանձնելու օրերին ֆեյսբուքում գրել էր․ «Վիտոոոո՜, հասիիիի՜»։ Երևի հույս ուներ, որ Վիտոն Արցախից գալու էր Նիկոլի «հարցերը լուծեր» ու Արցախը փրկեր Նիկոլից։ Մինչդեռ, Անժելայի հույսերը չարդարցրած Վիտոն Արցախը Նիկոլի «ճանկերից» փրկելու փոխարեն Արցախից մի կերպ մազապուրծ հասավ Երևան, հիմա էլ հեզ ու խոնարհ դեմքով ամեն կիրակի պատարագների է մասնակցում և տեսախցիկների առջև երազում Հայաստանը Միութենական պետության կազմում տեսնելու մասին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ