Դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակներից չեմ սիրել անկյունները կլորացնող, իբր թե չեզոք, արդարամիտ, օբյեկտիվ, սթափ տեքստեր գրողներին, որոնք տեղավորված Միքայել Մինասյանի մեդիա կայսրությունում, լղոզում ու ձևախեղում էին քաղաքականությունը։ Քչերը կհիշեն, թե ինչ կատաղի պայքար էինք մղում այդ իրականության դեմ։
Էն ժամանակ պայքարի թիրախը ներհայկական էր։ Իսկ հիմա իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ խնդիրը, կարծես թե, գոյաբանական է։ Իրադարձությունների չարագուշակ հերթականությունը հուշում է, որ Հայաստանին կործանարար վտանգ է սպառնում։
Եւ հիմա նորից ասպարեզ են նետվել մեդիահամահարթիչները։ Իհարկե այլ բովանդակությամբ, այլ մարմնով և նույնիսկ այլ ինտելեկտով։ Սերժ Սարգսյանի պրոպագանդիսները գոնե բարձրագույն կրթություն ունեին։
Նորից արդիական են դարձել այդ սթափ, օբյեկտիվ, արդարամիտ, լավին լավը ասենք և իհարկե ռացիոնալ տեքստերը։ Այստեղ նորությունը միայն ռացիոնալն է․ փիլիսոփայական-քաղաքական մի տերմին, որը Հայստանում հոմանիշ դարձավ անբարոյականության, հավատուրացության և դավաճանության։
Արցախը հանձնված, արցախցիները բախտի քմահաճույքին զսպված, Հայաստանի տարածքները օկուպացված, եպիսկոպոսները բանտերում, բայց նրանք կան այնպես, որ կարծես թե, ոչինչ էլ չի եղել։ Ու կան՝ ամեն հարցի հստակ պատասխանը բերաններում, «չգիտեմ» բայը ուղեղի ծրագրից հեռացրած։ Չկա մի հարց, որի պատասխանն ու արդարացումը նրանք չիմանան։ Ռեսուրսներ չկան, այլտրանք չկա, ռուսները դավաճանեցին, 30 տարի թալանել են, հիբրիդային պատերազմ, թուրքերի հետ խաղաղ ապրել ենք, ռուսները սադրեցին, Կրեմլի հետքը, Միութենական պետություն, գույք պարտքի դիմաց և այլն։ Շարքը անվերջ է, իսկ էս հեշտ պատասխանները արդեն իսկ ռոբոտացված ու մեխանիկական։ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին Արցախի մասին գիտական հոդված գրելու և Արցախյան շարժման մասին գիրք նվիրելու պատճառով հեռացնում են, իսկ դրանք խոսում են ժողովրդավարության և ակադեմիական ազատությունների ոտնահարման մասին։ Նրանց համոզմամբ Ադրբեջանն ու Թուրքիան իրադարձությունների այս հերթափոխի հետ որևէ աղերս չունեն։ Պետք չի ընկնել դավադրությունների գիրկը։ Նույնիսկ Սահմանադրության փոփոխությունն է մեր կամքով տեղի ունենում, չէ՞ որ սահամանդրությունները մեր իրականությունում մշտապես կեղծվել են և հայ ժողովուրդը պատմության մեջ առաջին անգամ իր Սահմանադրությունն է ունենալու։
Հայ մտավորականության մի զգալի մասը, ինտելեկտուալ ու ուսյալ շրջանակները հիվանդագին սևեռվածություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Խոսքը գործակալ իրավապաշտպանների ու գրանտակեր պրոպագանդիստների մասին չի, այլ շատ ազնիվ, պարկեշտ, տաղանդավոր, արվեստի և գիտության մեջ կայացած մարդկանց։ Սա 19-րդ դարի երկրորդ կեսին սաղմնավորված և 1991 թ․-ից հետո լիարժեք կայացած հերձվածող մտայնություն է։ Կան նաև այնպիսինները, որ Ռուսաստանից/ՍՍՀՄ-ից ենթագիտակցորեն առնական սեր ու հոգածություն են ակնկալել և հիմա հիասթափվել։
Այս շրջանակները էն աստիճան են ատում Ռուսաստանին, որ նրա ինադու պատրաստ են ամեն ինչի, միգուցե առանց հասկանալու։ Պատրաստ են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից միայն թե ռուսի հետքը այս կողմերում չերևա։
Թուրքական սպառնալիքի ընկալմանը մեծապես խոչընդոտել է Սերժ Սարգսյանի օրոք լայն թափ հավաքած հակաթուրքական վուլգար և պարզունակ քարոզչությունը։ Երբ ազգայնականությունն ու հակագիտությունը, հայրենասիրությունն ու խելագարությունը դրվեցին նույն հարթության վրա։ Արժեքների այս խառնաշփոթում երիտասարդության և ինտելեկտուալ շրջանակների համար թյուրքական քաղաքական ու մշակութային էքսպանսիան նույնացվեց դավադրությունների տեսությունների հետ։ Հատկապես, երբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանում ակտիվորեն ֆինանսավորում և աջակցում էին հակառուսականությունը։ Իմ կարծիքով երրորդ Հանրապետությունում իրական հակաթուրքականություն երբեք գոյություն չի ունեցել։ Բոլոր այս նորաձև տրամադրությունները նույնիսկ հիմա հսկայական ազդեցություն ունեն և թույլ չեն տալիս հասկանալու թուրքական սպառնալիքը։ Այն աստիճան, որ ռուսական բիզնեսը ազդեցության գործիք է, իսկ թուրքական հնարավոր ներդրումները՝ ինքնիշխանության գրավական։
Մի փոքր էլ երիտասադրության, իմ հասակակիցների, մի փոքր մեծերի ու փոքրերի մասին։ Սրանք էլ թաղված են ապաքաղաքականության տիղմի մեջ, ինտելեկտով կուսական և ինֆանտիլ՝ պատրաստ ներքաշվելու ցանկացած տեխնոազգայնական, տիր-կամուֆլյաժ պոզայի մեջ կամ էլ երևակվել որպես սոցիալ-դեմոկրատ-լիբերալ-փըլիթիքըլ սայնս-կաստյում-շալվար-փողկապ բյուրոկրատ։ Կան նաև հանրային կյանքից ամբողջությամբ օտարվածները, որոնք Ինֆոքոմի երկու հրաշալի հարցազրուցավարների ուրախության աղբյուրներն են, քանի որ չեն ճանաչում ոչ մի քաղաքական գործչի։ Հարցազրուցավարները իհարկե դրա համար հանդիմանում են քաղաքական գործիչներին՝ նույնիսկ չնչին կասկած չունենալով, որ օտարված այդ հրաշալի երիտասարդները չեն ճանաչի նաև հայ ժամանակակից պոետներին, արձակագիրներին, զրո գիտելիքներ կունենան Հայաստանի պատմությունից, հայ կերպարվեստից ու դասական երաժշտությունից։ Այսինքն խնդիրը անճանաչելի քաղ․ գործիչները չեն, որոնք չեն կարողանում գրավել ֆիտաշացված ու չափազանցված երիտասարդության սրտերը։ Խնդիրը մարդկանց մարգինալացումն է, մշակութային անշարժությունն ու սոցիալական տկարությունը։
Ահա, այսպիսի իրավիճակում են անկյունները կլորացվում, սկզբունքները դավաճանվում, իսկ ծուլությունն ու կոնֆորմիզմը ներկայացվում որպես ռացիոնալ սթափություն։
Իմ համոզմամբ էս պահի դրությամբ Հայաստանում փոփոխությունների առանցքային շարժիչ ուժը կարող են լինել 35-60 տարեկան կանայք և տղամարդիկ։ Էն մարդիկ, որ դեռևս զգում են Երրորդ Հանրապետության շունչը և չեն կարողանում դրանից ազատվել։ Բայց ես որևէ մեկի վրա խաչ չեմ քաշում։ Կարող ենք պայքարել։