Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ վարույթ են հարուցել իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը , որ վերջին շրջանում հատկապես շատ խիստ է քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել` հայտնելով, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե: Թե որն է պատճառը, հայտնի չէ:

MakaryanNews-ը տեղեկացավ, որ Արմինե Օհանյանին հրավիրել են հարցաքննության իբրև թե իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար, այսինքն` վարույթը նախաձեռնել են այն նույն հոդվածով, ինչով մեղադրանք են առաջացրել Միքայել Սրբազանին:

Ընդ որում, ըստ մեր ունեցած տեղեկությունների` գործի հիմքում ընկած է «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած մի խմբագրական, որը խմբագիր Արմինե Օհանյանը գրել էր դեռ մեկ տարի առաջ:

Այսինքն` մեկ տարի վարույթը նախաձեռնել են, մեկ տարի առանց իր իմացության գործը քննել են ու մեկ տարի անց միայն հասկացել, որ «Հրապարակի» խմբագիրը «ահաբեկիչ» է կամ կոչ է անում ժողովրդին` իշխանությունը բռնի ձևով զավթել: Եթե իրոք այդպես է, ապա մի գործ էլ պետք է դատախազության ու քննչականի դեմ հարուցել` այսչափ դանդաղկոտության, անփութության և պետական անվտանգությանը մատների արանքով նայելի, պոտենցիալ ահաբեկիչներին րոպե առաջ չչեզոքացնելու մեղադրանքով: Ի վերջո, եթե Արմինե Օհանյանն իսկապես այդպիսի կոչ է արել, կարող էին անսալ նրա կոչին ու գնալ բռնի կերպով զավթել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը Փաշինյանն ատամներով է պահում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով