ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26–ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիսներ:
«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ»,– հայտնել է ԱԳՆ–ն։
,Նախարարությունից հավելում են, որ երկկողմ հանդիպումը կմեկնարկի ժամը 15:25-ին, որին անմիջապես հաջորդելու է փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը, իսկ ԶԼՄ-ների կողմից հարցեր հնչեցնելու հնարավորությունը կախված կլինի ժամանակի առկայությունից: