Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է և այն պետք է լինի պաշտպանունակ՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, լինի ունակ՝ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Այսօր, երբ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի խաղաղություն, շատ կարևոր է խոսել այն մասին, թե որն է բանակի դերն անվտանգության նոր ճարտարապետության մեջ, ինչպիսին պետք է լինի բանակը, և ինչ ենք արել այն արդիականացնելու համար։ Պետք է փաստել, որ բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում «փրկիչներին», օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների և շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին, բայց ընդամենը խորհուրդ կտամ նրանց ևս մեկ անգամ կարդալ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ո՛չ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։