«Կա՛մ մեզ հետ ես, կա՛մ դիմում գրի, գնա»․ ինչո՞ւ է «ինքնակամ» ազատվել Կարենիսի դպրոցի տնօրենը

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Մի քանի օր առաջ «սեփական դիմումի համաձայն» զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կարենիսի դպրոցի տնօրեն Նշան Խաչատրյանը։ Կարենիսը (նախկինում՝ Գյումուշ), Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի հինգ գյուղերից մեկն է։ Ազատման պատճառը քաղաքական է․ Նշան Խաչատրյանն ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ և սատարում է Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

MakaryanNews-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որի մասին, ի դեպ, նույնիսկ իրեն ճանաչող ընդդիմադիրներն են դրական արտահայտվում, որ՝ ՔՊ-ում եղած եզակի նորմալ մարդկանցից է, իմացել է, որ Նշան Խաչատրյանը «Ուժեղ Հայաստանին» է աջակցում, հրավիրել իր մոտ՝ զրույցի, և պայման դրել՝ «կամ մեզ հետ ես, կամ դիմում գրի, գնա»։ Խաչատրյանն էլ ընտրել է երկրորդ տարբերակը՝ իշխանության հետ լինելու փոխարեն ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից և շարունակել ազատ սատարել Սամվել Կարապետյանի թիմին։

Ահարոն Սահակյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ զրույց է ունեցել Նշան Խաչատրյանի հետ, որից հետո նա «ինքնակամ ազատման դիմում է գրել», բայց չխոստովանեց, որ իր պահանջով է այդ դիմումը գրել։

«Կարենիսի դպրոցի տնօրենը իմ պահանջով չի գրել դիմումը, ինքն է գրել, պատճառն առայժմ չգիտեմ, մոտ օրերս կպարզեմ»,-Makaryan News-ին ասաց մարզպետ Սահակյանը։

-Ինձ ասացին՝ Դուք իրեն հրավիրել եք Ձեզ մոտ և ասել եք, որ քաղաքական իմաստով կա՛մ ձեզ հետ է, կա՛մ պիտի դիմում գրի, հեռանա։

-Ոչ, ես իրեն հրավիրել եմ՝ աշխատանքային խոսակցություն ենք ունեցել, քաղաքական խոսակցություն չենք ունեցել։

-Որքանով տեղյակ եմ՝ Նշան Խաչատրյանը, կարծես թե, Սամվել Կարապետյանի թևին և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է հարում և նրանց է աջակցում։

-Ես նման տեղեկություն չունեմ, Վահե ջան։

-Իսկ նրա քաղաքական հայացքները Ձեզ համար խնդի՞ր են, որ նա աշխատի դպրոցի տնօրեն, եթե, օրինակ, տվյալ անձը ընդդիմադիր հայացքներ ունի։

-Ես իր հետ նման խոսակցություն չեմ ունեցել, նման ինֆորմացիա չեմ ունեցել։

-Բայց Ձեզ համար խնդի՞ր է, որ մարզում լինեն ընդդիմադիր հայացքներով տնօրեններ։

-Ես չեմ բացառում, որ մարզում կլինեն տնօրեններ, որոնք այլ քաղաքական հայացքներ ունեն։

-Ու դա Ձեզ համար խնդի՞ր չէ, կարո՞ղ եք նորմալ աշխատել իրենց հետ։

-Ես չեմ բացառում, որ կլինեն նման տնօրեններ։ Խնդիր է, թե խնդիր չէ, դե, հիմա, աշխատում ենք։ Եթե կան մարզում նման տնօրեններ, ասեք, ես, համենայնդեպս, էս պահին չունեմ նման ինֆորմացիա։ Եթե կլինեն, նոր հետևություններ կանեմ՝ խնդիր է, թե խնդիր չէ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով