Փետրվարի 27-ին Արման Թաթոյանի «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ համագործակցության հուշագիր կնքած «Հայաքվե» նախաձեռնությունը, որի ղեկավարն էլ Ավետիք Չալաբյանն է, այսօր հյատարարեց, որ դադարեցնում են համագործակցությունը։ Այսինքն՝ Արման Թաթոյանն ու Ավետիք Չալաբյանը՝ իրենց թիմերով, միասնաբար չեն մասնակցի ընտրություններին՝ Թաթոյանը կգնա միայնակ։
«Մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը»,- ասված է«Հայաքվեի» տարածած հայտարարության մեջ։Իրականում, այս համագործակցությունը փլուզվել էր հուշագիր ստորագրելու հենց հաջորդ օրը։
MakaryanNews-ի տեղեկություններով՝ Արման Թաթոյանի և Ավետիք Չալաբյանի միջև հուշագիր ստորագրելուց անմիջապես հետո լարվածություն է առաջացել և տարաձայնություններ են ծագել նրանց միջև, որոնց հիմքում այս երկու ամբիցիոզ գործիչների՝ անթաքույց մեծամտությունն ու միմյանց նկատմամբ ցուցաբերած անձնական և քաղաքական ամբիցիաներն են եղել։ Մեզ ասացին՝ Չալաբյանը հենց սկզբից ցուցակների հետ կապված իր պահանջներն է ներկայացրել, որոնք դուր չեն եկել Թաթոյանին, նա էլ իր ամբիցիաներն է առաջ քաշել, ինչն էլ հանգեցրել է լարվածության և դե յուրե ձևավորված դաշինքի դե ֆակտո փլուզման։
Առհասարակ, հուշագիր ստորագրելու հաջորդ օրվանից սկսած՝ այս երկու գործիչները որտեղ նստել՝ սկսել են միմյանցից դժգոհել, բողոքել, իրար անուն կպցնել ու մեկը մյուսին մեղադրել ամբիցիոզ լինելու մեջ։ Իսկ Թաթոյանն, առհասարակ, տարբեր առիթներով հայտարարել է, որ ինքը Չալաբյանին ոչ մի դեպքում ցուցակ չի մտցնելու։ Ի վերջո, երկու ամբիցիոզ գործիչները, որոնք այս ընթացքում նաև աչքի են ընկնել իրենց ինքնահավան ու մեծամիտ պահվածքով՝ ավելի շատ քամի տատանելով քաղաքական դաշտում, որոշեցին դե յուրե ևս դադարեցնել իրենց մեկօրյա կյանք ունեցած «համագործակցությունը»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ