Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը կարող էր նաև այսպես կոչվել․ «Տարիների ընթացքում կերտած «հրեշը»՝ ինչպես որ կա»

Հեղինակ
6 արդեն րոպե ընթերցում ես

Ռոբերտ Քոչարյանի PR թիմը Քոչարյանի մասին մի փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել, որով փորձում են Քոչարյանին ներկայացնել լրիվ այլ կերպարի ներքո՝ կոտրելով տարիներ ի վեր նրա շուրջ ձևավորված կարծրատիպերն ու նրան ներկայացնել այնպես, ինչպես, որ կա՝ ըստ ֆիլմի հեղինակների։ Ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է․ «Ռոբերտ Քոչարյան․ ինչպես որ կամ»։ Ֆիլմում Քոչարյանը ներկայանում է բազմանդամ ընտանիքի օրինակելի հոր և իր թոռնիկների համար բարի և հոգատար պապիկի դերում։ Նաև հատուկ ընդգծվում է նրա վաստակը Արցախի ու Հայաստանի պետականաշինության հարցում։

Ակնհայտ է, որ ֆիլմի հեղինակները փորձել են Քոչարյանի՝ տարիներ ի վեր ձևավորված «հրեշավոր» կերպարից «պուպուշ» մի բան ստանալ՝ բարի և մեծահոգի առաջնորդ, որը խոստանում է այդպիսին լինել նաև հետագայում, եթե մի հրաշքով հանկարծ նորից իշխանության գա։

Այն, որ Քոչարյանը՝ որպես բարի պապիկ, գործի մեջ բավականին դաժան ու խիստ մարդ է, նաև վրեժխնդիր է՝ որքան էլ մեծահոգի փորձի երևալ կինոյում, դա էլ է ակնհայտ, և դա ինքն անգամ նրա հայացքում և խոսվածքում չի կարողանում թաքցնել։

Միևնույն ժամանակ աներկբա է, որ Քոչարյանի «հրեշավոր» կերպարը, իրականում, կերտել են նրա պաշտոնաթողությանը հաջորդած տասը տարիների ընթացքում։ Այդ հարցում, ասում են, իր մեծ ներդրումն է ունեցել նրա գլխավոր ախոյան Սերժ Սարգսյանի «փառավոր» փեսա Միքայել Մինասյանը՝ իր մեդիաինդուստրիայով, և 2018-ից հետո էլ Մինասյանի կերտած այդ հրեշավոր կերպարը մինչ օրս հաջողությամբ օգտագործում և զարգացնում է Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին հանրության աչքում ներկայացնելով որպես «բոբո» և «հրեշ»: Այս ամենի մեջ մասամբ ճշմարտություն կա, բայց մեծ մասամբ՝ չափազանցված է․ Քոչարյանն, իրականում, այնքան վախենալու չէ, որքան դա իրեն ներշնչել է Փաշինյանն ու փորձում է ներշնչել նաև մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, ինչը, թերևս, վիրավորական է՝ հինգ տարի շարունակ վախեցնել մեզ մի մարդու կերպարով, որը չկարողացավ «մասնակցել ու կրել»՝ ինչպես խոստացել էր, պարտվելուց հետո էլ իր թիմին չկարողացավ պաշտպանել իր հակառակորդների քացիներից, բռունցքներից և հայհոյանքներից՝ մինչ օրս դրանց որևէ արժանի պատասխան չտալով։

Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանից ստացած բարի ու հոգատար պապիկի, պետականամետ և հանուն հայրենիքի մեծ զոհողությունների պատրաստ գործչի հետևում, իրականում, վրեժխնդրությամբ լի մարդու կերպար է թաքնված, որը 71 տարեկան հասակում անգամ մտել ու մնում է պայքարի մեջ, որ իր սեփական արդարադատությունը հաստատի իր հանդեպ անարդար վարվածների հանդեպ՝ անձնական վրեժ լուծելով նրանցից։ Գուցե այդպես չէ, բայց ավելի շատ այդպես է։

Այս ամենի ֆոնին մի բան իսկապես անկեղծ է և անքննադատելի․ Քոչարյանի ընտանիքը։ Ռոբերտ Քոչարյանն իրապես ունի պարկեշտ և օրինակելի ընտանիք, ինչն իրեն այդ հարցում անխոցելի է դարձնում՝ ի տարբերություն․․․ մի խոսքով։ Նրան կարելի է հազար ու մի բանում մեղադրել, հազար մեղք վերագրել, բայց նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր վարքով այս տարիներին չի արել մի բան, որը լրացուցիչ մեղք կավելացներ Քոչարյանի «հրեշավոր» կերպարին։ Քոչարյանի թե՛ կինը, թե՛ դուստրը չափազանց համեստ ու պարկեշտ կանայք են, որդիների մասին ևս որևէ աղմկահարույց և սկանդալային տեղեկություն հայտնի չէ, թոռներն էլ, վստահաբար, նույն արժեքներով են մեծանում, ինչը օինակելի ընտանիքի մասին է վկայում։ Նույնը կարելի է ասել նաև Սերժ Սարգսյանի մասին․ նրա լուսահոգի կինը՝ տիկին Ռիտան, այնպիսի բարի ու պոզիտիվ կին էր, որ իր կերպարով ավելի շատ մեղմում էր ամուսնու գործած ու չգործած բոլոր մեղքերը։ Սարգսյանի դուստրերը ևս չափազանց համեստ և օրինակելի կանայք են, որոնք երբևէ չեն հայտնվել որևէ քննադատելի իրավիճակում, երբևէ չեն խառնվել իրենց հոր կամ ամուսինների գործերին, հանրային տիրույթում իրենց չեն ցուցադրել այնպես, որ նրանց վարքը դառնա քննարկման կամ քննադատության առարկա՝ ի տարբերություն․․․ մի խոսքով։ Սերժ Սարգսյանի ընտանիքին առնչվող միակ խնդրահարույց կողմը, թերևս, նրա վատիկանյան փեսան է, որ դարձել էր Սարգսյանի իշխանության գորշ կարդինալն, ու իր գործունեությամբ, մեղմ ասած, բնավ չի նպաստել, որ Սերժ Սարգսյանի կերպարը հանրության աչքում դույզն-ինչ պակաս մերժելի լինի:

Հիմա էլ չի նպաստում։ Այնպես որ, այսպիսի մի ֆիլմ էլ կարելի է Սերժ Սարգսյանի մասին նկարել, բայց առանց փեսային՝ ոչ այն լավ փեսային ներառելու։ Պարզապես, Ազատիչն այս անգամ ընտրություններին «անմիջականորեն» չի մասնակցում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով