Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց եւ Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից: