Հայաստան ներկրվող հեղուկ գազի շուկայում, ինչպես Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի պարագայում, որոշ հայ անհատներ որոշել են փայ մտնել այդ բիզնեսի մեջ և ապօրինի եկամուտ ապահովել իրենց համար: Այս ամենը նրանք անում են, հավանաբար կամ տրամաբանորեն, վերևներից ինչ-որ հովանավորների «դաբռոյով»:
Եթե Ռուսաստանում «Լուդինգի» Արմենն է, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների դրամատիկ բնույթից, որոշել ռուսների և չեչենների հետ փայ մտնել հայկական կոնյակ արտահանողների բիզնեսում` իր փաստացի «ռեկետը» ներկայացնելով որպես լավություն կոնյակագործներին, ապա Հայաստանում էլ ինչ-որ մարդիկ (անուններն ու ծագումը առայժմ չենք հրապարակում), որոշել են նույն խաղը վրացիների հետ ՌԴ-ից Վրաստանով հեղուկ գազ ներմուծողների գլխին խաղալ:
MakaryanNews-ին ահազանգում են, որ վերջին ամիսներին հեղուկ գազ ներկրողներին բառի բուն իմաստով ռեկետի են ենթարկում իրենց ինչ-որ հայ անհատներ` կաշառք հավաքագրելով վրացի մաքսավորների համար: Մենք այս մասին ևս ամիսներ առաջ գրել էինք, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող հեղուկ գազը, երբ մտնում է Վրաստան, վրացի մաքսավորները կանգնեցնում են հայկական ֆուռերն ու արհեստական խոչընդոտներ առաջացնում նրանց համար, մինչև Հայաստանից միջնորդի միջոցով ամեն մեքենայի համար 1000-1200 դոլար չփոխանցեն իրենց` որպես կաշառք:
Հիմա այդ գինը հիմնականում նվազել է` դառնալով 850 դոլար ամեն մեքենայի դիմաց: Եթե չտան` վրացիները ֆուռերը կտեղափոխեն Գիզիի տերմինալ և իբր փորձաքննության ենթարկելու պատրվակով` օրերով կպահեն: Եվ այդպես` ամսական հարյուրավոր ֆուռերից տասնյակ հազարավոր դոլարների անօրինական, «լևի» եկամուտ են ստանում վրացի մաքսավորներն ու նրանց հետ Հայաստանից ընդդեմ հայ գործարարների համագործակցող ինչ-որ անհատներ: Հենց նրանք են հուշել վրացիներին, որ կարելի է հայ գործարարներին ճնշելով` մեծ փողեր աշխատել:
Իսկ ովքե՞ր են այդ անհատները: MakaryanNews-ը նրանց մասին որոշակի տեղեկություններ ունի, անգամ գիտենք` ինչ մեքենա են վարում, ինչ գույնի, ինչ արժեքի և ինչպիսի համարներով, սակայն ձեռնպահ կմնանք այդ մասին այս պահին բարձրաձայնելուց` հատկապես, որ դժվար է լինելու ստվերում գործող այդ անձանց հանգամանքը հետո ապացուցելը: Թող Նիկոլ Փաշինյանը, իրավապահներն ու անձամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փորձեն պարզել, թե ովքեր են իրենց իրավունք վերապահում փայ մտնել հայ գործարարների բիզնեսներում և ում հովանավորչությամբ: Ի դեպ, այդ «հայրենասեր» անհատները Հայաստանի տարբեր մարզերում իրենց համար աշխատող հատուկ մարդիկ ունեն` հիմնականում երիտասարդ տղաներ, որոնք իրենց փող հավաքողներն են: Հենց նրանք են կապը պահում հեղուկ գազ ներկրողների և տվյալ անհատների միջև, ամեն ներմուծումից առաջ գնում են կոնկրետ ներկրողներից կանխիկ և պարտադիր դոլարով հավաքագրում են այդ փողերը, տանում տալիս են իրենց «տերերին» և յուրաքանչյուր հավաքագրած 850 դոլարի դիմաց ստանում են 20 դոլար միջնորդավճար:
Հետո այդ «տերերն» էլ տակը մնացած 830 դոլարը կիսվում են վրացի մաքսավորների հետ: Մեզ ասացին` իրենց վաճառած հեղուկ գազի գնի մեջ ամեն լիտրից մոտ 8-10 դրամ ներկրողները տալիս են այդ անհատներին և վրացի մաքսավորներին:
Այս հանցավոր սխեմայի մասին, վստահաբար, տեղյակ են Հայաստանի մաքսային և իրավապահ մարմինները (եթե տեղյակ չեն, ապա լավ չեն աշխատում): Իսկ եթե տեղյակ են ու ոչինչ չեն ձեռնարկում, ուրեմն իրենք են հենց հովանավորում այս հանցավոր սխեման` ընդդեմ հայ գործարարների և հայ սպառողի:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ