MakaryanNews-ը երեկ տեղեկացրել էր, որ օրեր առաջ ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան կարգոյում մեծ քանակությամբ թմրադեղերի ներմուծման փորձ է եղել, որը թեև հայտնաբերվել է, բայց հայտնի մաքսանենգ հեռախոսների գործի նման` այս գործը ևս ՊԵԿ-ն ու իրավապահները փորձում են կոծկել, որ աղմուկ չբարձրանա:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
MakaryanNews-ին հայտնեցին, որ որոշ ժամանակ առաջ (մոտ մեկ ամիս) Հայաստան մեծ քանակությամբ հոգեմետ դեղ է ներմուծվել, որը պետք է պատշաճ զննության ենթարկվեր «Զվարթնոց» օդանավակայանի կարգոյում:
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները զննել են բեռը և ասել են` որևէ կասկածելի բան չկա, նորմալ է, թող անցնի: Մի քանի րոպե անց եկել են Մաքսային ծառայության աշխատակիցները, նորից զննել են բեռն ու մեծ քանակությամբ հոգեմետ դեղամիջոցներ են հայտնաբերել, որոնք պահանջարկ ունեն թմրամոլների շրջանում: Որոշ տեղեկություններով` ոչ թե զուտ դեղամիջոցներ են եղել, այլ կոկային: Բայց սա ստույգ չէ: Կարելի է ասել` թմրանյութ են փորձել ներմուծվել Հայաստան, որը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն հայտնաբերել կամ պարզապես չեն ցանկացել հայտնաբերել, փոխարենը հայտնաբերել են Մաքսայինի ծառայողները:
Մեզ ասացին` այդ պահին, երբ Մաքսայինը հայտնաբերել է, թե ինչ է իրենից ներկայացնում կասկածելի բեռը, «Կանտրաբանդայի» աշխատակիցները չքվել են տարածքից, Մաքսայինն էլ տեղում արձանագրել է դեպքը:
Մեկ այլ տեղեկությամբ` կասկածելի դեղամիջոցների կամ ուղիղ թմրամիջոցների ներմուծման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ունեցել ԱԱԾ-ն, և հենց նրանք են նաև ներգրավված եղել «Կանտրաբանդայի» կողմից «չհայտնաբերված» կասկածելի բեռի բացահայտման գործում: Եվ հիմա, ասում են, ՊԵԿ Մաքսային ծառայության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են իրավապահների մոտ իրար դեմ ցուցմունք տալ:
MakaryanNews-ին նաև ասացին, որ բեռի զննմանը ներկա է եղել ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Սերգեյ Վանյանը: Ստացվում է, որ հենց նա է թույլ է տվել, որ կասկածելի բեռն անարգել անցնի, եթե նրա ենթակա ծառայողները բեռը զննելուց հետո ասել են` մաքուր է, ոչինչ չկա:
Իսկ ո՞վ է Սերգեյ Վանյանը, որը Մասիվում հայտնի է «Բառեց Սերոժ» անունով: Նա ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի ընկերն է, նախկինում եղել է նրա օգնականը, և, ասում են, նրա հովանավորչությամբ է տեղավորվել ՊԵԿ-ում: Վանյանը նաև ՊԵԿ նախկին ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանի ընկերն է: Մարգարյանին, հիշեցնենք, պաշտոնանկ արեցին ժամանակին MakaryanNews-ի բարձրաձայնած մաքսանենգ հեռախոսների հայտնի գործով, որը ևս ՊԵԿ-ում փորձում էին ծածկադմփոց անել, բայց հետո քրեական գործ հարուցեցին, և հիմա որոշ պաշտոնյաներ դատվում են այս գործով:
Հիմա, կարելի է ասել, «Գառնիկ-2» օպերացիա է տեղի ունեցել, բայց արդեն ավելի լուրջ` թմրամիջոցների կամ թմրադեղերի ներկրման դեպքով:
Հետաքրքիր է` այս ամենից ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի (Կանտրաբանդայի) վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, որն ասում են` ամենաբարձր մակարդակով «դաբռո» ունեցող պաշտոնյա է ՊԵԿ-ում և իրեն անձեռնմխելի է զգում, տեղյա՞կ է եղել այս ամենից, թե՞ առանց իր գիտության են իր տեղակալ Վանյանն ու վարչության մյուս աշխատակիցները նման կերպ վարվել մաքսանենգ բեռի հետ:
Մենք փորձեցինք այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից, սակայն տարօրինակ կերպով այս կառույցից այս անգամ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ