Օրերս Ստամբուլում անցկացված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հավաքելով բոլոր ուժերը, մի համարձակ հայտարարություն էր արել․ «Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը»։
«Սկզբում ասվում էր, թե սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Մենք բանակցել ենք պայմանագրի շուրջ. դա դժվար և երկարատև գործընթաց էր, բայց մենք համաձայնության ենք եկել 17 կետերի շուրջ, հանդիպել ենք այն ստորագրելու համար, ձեռք սեղմել, բայց դեռևս չստացվեց:
Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը: Որովհետև, մի կողմից, նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցել մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի»,-Թուրքիայից ու Ադրբեջանից անթաքույց դժգոհել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ հընթացս բարձրացնելով նաև Բաքվում պահվող 19 հայ գերիների կամ, ինչպես ինքն է նշում, «19 ղարաբաղցիների» հարցը։
Սա, փաստացի, տրամագծորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության» թեզերին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ արդեն լիարժեք խաղաղություն է և «ախպերություն»։ Այսպիսի կոշտ քննադատություն, ի պատիվ այս դեպքում Ալեն Սիմոնյանի, չէր հնչել Հայաստանի և ոչ մի պաշտոնյայի կողմից, ինչը մի կողմից ողջունելի է, մյուս կողմից՝ տարօրինակ և մտահոգիչ։ Իսկ մտահոգիչ է, քանի որ Սիմոնյանի կողմից բաց տեքստով արված ակնարկը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացած փակուղային վիճակի մասին թույլ է տալիս ենթադրել, որ ամեն ինչ այնքան էլ լավ ու խաղաղ չէ, որքան նախընտրական շրջանում իր «խաղաղության սրտիկներով» փորձում է ցույց տալ Փաշինյանը։
Սրան գումարում ենք երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձևից հետո կանչել և բողոքի նոտա է հղել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին։
Խոսքը , հիշեցնենք, Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտպանող բանաձևերի ընդունման մասին է, ինչը վայնասուն է բարձրացրել Բաքվում:
Մասնավորապես, պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այս բանաձևերը դիտարկում է որպես երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացը խաթարելու փորձ։
Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ամեն օր հետևողականորեն տարածում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և այստեղ վերաբնակեցվելու թեզը, որին Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձում, կամ գոնե լուրջ և հստակ չեն հակադարձում, որ հայ հասարակությունը վստահ լինի՝ այդ հարցը փակ է և նման բան չի կարող երբևէ տեղի ունենալ։ Փոխարենը, Հայաստանի իշխանությունները լուռ հետևում են, թե ինչպես է Բաքուն զայրանում եվրոպացի դեսպանների վրա, որոնց երկրները հանդգնել են արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ բանաձև ընդունել։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած այս հայտարարություններն ու Ալեն Սիմոնյանի՝ Ստամբուլում արած հայտարարությունները էականորեն խաթարում են Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական շրջանում գովազդվող «խաղաղության» ծրագրին և քար գցում խաղաղության դարաշրջանի բացման վրա։
Ստացվում է՝ կա՛մ Ալեն Սիմոնյանը որոշել է ինքնակամ դեմ դուրս գալ Փաշինյանին ու նրա «խաղաղության սրտիկներին», կա՛մ, եթե այս ամենը Փաշինյանի հետ համաձայնեցված է, ապա Սիմոնյանն ու Փաշինյանը միասին են որոշել հակառակվել իրենց իսկ հռչակած խաղաղության ծրագրին, որի մշուշոտ ապագան այսպիսի ելույթներով և հայտարարություններով էլ ավելի մառախլապատ է դառնում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ