Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ աղջիկների հորեղբորը վերաբերող մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Անչափահասների օրինական ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հորեղբոր կողմից այս քայլի պատճառը իրավապահ մարմինների անգործությունն է եղել, ինչի հետևանքով էլ տղամարդը որոշել է արդարադատությունն իր ձեռքը վերցնել։ Փաստաբանը նաև նույն ասուլիսում հայտնել էր, թե ըստ աղջիկների հորաքրոջ տեղեկությունների՝ հորեղբոր հետ հեռախոսազրույցում ոստիկանության ծառայողներից մեկը ոչ պատշաճ էր խոսել, սպառնացել, հայհոյանքներ էր հնչեցրել, ինչից հետո տղամարդը գնացել էր ոստիկանության բաժին, այստեղ գործը լեզվակռվից ու փոխադարձ վիրավորանքներից բռունցքների էր հասել։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։