Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են զգալիորեն բարձրացնել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված պետական տուրքերը։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները ՌԴ Պետական Դուման կքննարկի առաջիկա շաբաթվա ընթացքում։
Նախագծով առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել բնակության և քաղաքացիության հետ կապված վճարները։ Մասնավորապես՝ բնակության թույլտվություն ստանալու տուրքը նախատեսվում է բարձրացնել հնգապատիկ, ժամանակավոր բնակության թույլտվության վճարը՝ ութապատիկ, իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար սահմանված վճարը՝ տասներկուապատիկ։
Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա ժամանակավոր բնակության թույլտվության արժեքը կհասնի 30,000 ռուբլու (€360), իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու վճարը՝ 50,000 ռուբլու (€600)։
Բացի այդ, նախատեսվում է ավելացնել նաև միգրանտների աշխատանքային թույլտվությունների համար գանձվող վճարը։ Ըստ առաջարկի՝ յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար այն կկազմի 15,000 ռուբլի (€180)։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։