Լուսային շոուն ավարտվել է դրոնների զանգվածային վթարով

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայտնի Դարլինգ Հարբոր շրջանում անցկացվող լուսային շոուն վերածվել է անսպասելի միջադեպի․ տասնյակ դրոններ ուղիղ ներկայացման ընթացքում սկսել են ընկնել երկնքից։ Դեպքը տեղի է ունեցել «Vivid Sydney» փառատոնի շրջանակում, որը համարվում է Հարավային կիսագնդի ամենախոշոր լուսային և երաժշտական միջոցառումներից մեկը։

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են դրոնները հանկարծ կորցնում կառավարումը և հերթով ընկնում Քոքլ Բեյի ջրերը՝ զարմացնելով ու շփոթեցնելով հազարավոր հանդիսատեսի։

Շոուն կազմակերպած բրիտանական «Skymagic» ընկերությունը հայտնել է, որ խնդիրն առաջացել է ռադիոհաճախականության անսպասելի խափանման հետևանքով։ Ընկերության փոխանցմամբ՝ սարքերը գործարկել են անվտանգության վթարային համակարգը, քանի որ կորցրել էին դիրքային ճշգրտությունը։ Ընդհանուր առմամբ ջուր է ընկել 89 դրոն, սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ դրանցից ոչ մեկը չի հայտնվել մարդկանց վրա կամ դուրս եկել անվտանգության սահմանված գոտուց։

Միջադեպից հետո «Vivid Sydney»-ի կազմակերպիչները չեղարկել են նախատեսված հաջորդ երկու շոուները և հայտարարել, որ կատարվելու է մանրամասն քննություն։ «Star-Bound» անվանումով այս շոուում սովորաբար կիրառվում է մինչև 1000 հատուկ նախագծված դրոն, որոնք մոտ 12 րոպեի ընթացքում Սիդնեյի երկնքում ստեղծում են լուսային տպավորիչ ներկայացում։

Կիսվել նյութով