ԱՄՆ-ն և Կատարը սկսել են նախապատրաստական աշխատանքներ՝ Իրանի սառեցված ակտիվների մի մասը հումանիտար նպատակներով հասանելի դարձնելու համար։ Խոսքը շուրջ 6 միլիարդ դոլարի մասին է, որը պահվում է Կատարում։
Այս միջոցները 2023 թվականին Հարավային Կորեայից փոխանցվել էին Կատար՝ ԱՄՆ հինգ քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության շրջանակում։ Սակայն ավելի ուշ, ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի դեմ հարձակումից հետո, Վաշինգտոնը սառեցրել էր գումարի օգտագործումը։
Նախատեսվող նոր մեխանիզմի համաձայն՝ Իրանի Կենտրոնական բանկը կկարողանա այդ միջոցներով ձեռք բերել սննդամթերք, դեղորայք և այլ հումանիտար նշանակության ապրանքներ։ Բացի այդ, ծրագրում կարող են ներգրավվել նաև իրանական նավթի վաճառքից ստացված որոշ միջոցներ, որոնք նախկինում արգելափակվել էին պատժամիջոցների պատճառով։
Ըստ տեղեկությունների՝ այս սխեման կարող է հիմք դառնալ նաև աշխարհի տարբեր երկրներում գտնվող Իրանի այլ սառեցված ակտիվների ապասառեցման համար։ Թեհրանը առաջնահերթ ցանկանում է հասանելիություն ստանալ մոտ 24 միլիարդ դոլարի միջոցների, մինչդեռ տարբեր երկրներում սառեցված իրանական ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 100 միլիարդ դոլար։