Շոգ եղանակին շատերը ծարավը հագեցնում են գազավորված զովացուցիչ ըմպելիքներով՝ կարծելով, թե դրանք լավ են վերականգնում օրգանիզմի հեղուկի պաշարները։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ իրականում դրանք չեն կարող փոխարինել սովորական ջրին և հաճախակի օգտագործման դեպքում կարող են վնասել առողջությանը։
Գազավորված քաղցր ըմպելիքները մեծ քանակությամբ շաքար են պարունակում, ինչը կարող է նպաստել ավելորդ քաշի, 2-րդ տիպի շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Բացի այդ, դրանցում առկա թթուները վնասում են ատամների էմալը և մեծացնում կարիեսի առաջացման վտանգը։
Եթե ըմպելիքը նաև կոֆեին է պարունակում, դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել անքնության, նյարդային գրգռվածության, սրտխփոցի և արյան ճնշման բարձրացման, հատկապես երեխաների և զգայուն մարդկանց մոտ։
Մասնագետները խորհուրդ են տալիս շոգ օրերին նախապատվությունը տալ սովորական խմելու ջրին, ինչպես նաև առանց շաքարի բնական ըմպելիքներին։