Վարորդական իրավունքի վերականգնման կարգը փոխվել է. ինչ պայմաններ են սահմանվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօրվանից՝ հուլիսի 6-ից, ուժի մեջ են մտել վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր կարգավորումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նոր կարգով՝ վարելու իրավունքից զրկված անձը կարող է վերականգնել այն **առանց որակավորման քննություն հանձնելու**, եթե զրկման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում դիմի համապատասխան ստորաբաժանում և վճարի օրենքով սահմանված **50 հազար դրամ պետական տուրքը**։

Վերականգնված վարորդական իրավունք ունեցող անձանց համար սահմանվում է **մեկ տարվա փորձաշրջան**, որի ընթացքում նախկին 13-ի փոխարեն կտրամադրվի **6 տուգանային միավոր**։ Եթե փորձաշրջանի ընթացքում այդ 6 միավորը սպառվի, վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

Օրենքով նախատեսվել է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք **միայն մեկ անգամ** կարող են օգտվել առանց քննության վարելու իրավունքը վերականգնելու հնարավորությունից։ Հետագա զրկումների դեպքում վարորդական իրավունքը կվերականգնվի միայն որակավորման քննություն հանձնելուց հետո։

Վարելու իրավունքը վերականգնելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» ծառայությունը, ապա ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և պետական տուրքերի վճարման անդորրագրերը։

Նոր վարորդական վկայական ստանալու համար սահմանված է նաև պետական տուրք՝ **12 հազար դրամ**, իսկ թվային վարորդական վկայականի դեպքում՝ **6 հազար դրամ**։

Կիսվել նյութով