ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական գործը համարում է կեղծ և քաղաքական ճնշումների շարունակություն։
«Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է»,- ասել է Ծառուկյանը։
Նա նշել է, որ Հայաստանը կանգնած է բարդ մարտահրավերների առաջ, և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է խոհեմություն ու ներքին հանրային համերաշխություն։
«Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը»,- նշել է նա։
Ծառուկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի և Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերն ու կալանքը չեն փոխի իր մտածողությունն ու արժեհամակարգը։
«Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»,- ասել է նա։
Գագիկ Ծառուկյանը խոսքը եզրափակել է՝ նշելով․ «Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։
Գագիկ Ծառուկյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ