MakaryanNews-ն այսօր բացառիկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի բրոքեր եղբայրը` Ավետ Կոնջորյանը, մեքենայով անցնում Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ, իր երբեմնի ընկեր Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին:
Այդ ամենը կրկնվել է մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ: Տեսախցիկի արձանագրած կադրերից մեկում երևում է, որ Ավետ Կոնջորյանի հերթական հայհոյանքների ժանանակ նրան ուղեկցում է պարեկային ծառայության ավտոմեքենա:
MakaryanNews-ը տեղեկացավ, որ ՆԳՆ-ից փնտրում են հենց այդ մեքենան, որ պատժեն Կոնջորյանին ուղեկցած պարեկին: Մասնավորապես, Պարեկային ծառայությունում և ՆԳՆ-ում զայրացել են նրա վրա, որ պարեկային ծառայողը փոխանակ կանխելու իշխանական պատգամավորի եղբոր առերևույթ խուլիգանական պահվածքը, մի բան էլ ուղեկցել և, ըստ այդմ, հովանավորել է նրան: Կոնջորյանն էլ, որ, ըստ մամուլի հրապարակումների, շրջապատում փորձում է «գողական գնալ», այդ կադրերում փաստացի շրջում է պարեկային ծառայության մեքենայի ուղեկցությամբ և ոստիկանության հաշվին իրեն անպատժելի է զգում:
Պարեկային ծառայությունը, սակայն, ուսումնասիրելով MakaryanNews-ի տարածած տեսանյութը, չի կարողացել նույնականացնել տեսանյութում երևացող պարեկային ծառայության մեքենան, քանզի տեսանյութի վատ որակի պատճառով ոչ մեքենայի բորտի համարն է երևում, ոչ` պետհամարանիշը:
Հիմա Պարեկային ծառայությունում տարբերակներ են փնտրում տվյալ պարեկին գտնելու ուղղությամբ:
Հետևաբար, ով տեղյակ է, թե ով է եղել այդ պարեկը կամ կարող է տվյալ մեքենայի վերաբերյալ որևէ նույնականացնող տվյալ հայտնել, թող արձագանքի այստեղ կամ կապ հաստատի մեզ հետ: