Հանրային պաշտպանները կրկին հրավիրվում են վարժական հավաքների. փաստաբան Գևորգ Մկրտչյանն ահազանգում է

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Հանրային պաշտպանները կրկին հրավիրվում են վարժական հավաքների. փաստաբան Գևորգ Մկրտչյանն ահազանգում է։

Իհարկե, Հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցելը բոլորիս սրբազան պարտականությունն է։ Սակայն պետությունը նաև պետք է կարողանա ճիշտ գնահատել և բաշխել իր ռեսուրսները։

Ինչպիսի՞ն է հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը՝ իրական պատկերը թվերով (2026 թվականի առաջին կիսամյակ).

78 հաստիք – ընդամենն այսքան հանրային պաշտպան է հատկացված ամբողջ Հայաստանում անվճար իրավաբանական օգնությունն ապահովելու համար։

25,806 գործ – այսքան վարույթներով քաղաքացու շահեր են պաշտպանել հանրային պաշտպանները ընդամենը 6 ամսում։

21,206 քրեական գործ – ապահովվել է ընդամենը 64 քրեական մասնագիտացմամբ պաշտպանի կողմից։

378 քրեական գործ – միջինում բաժին է ընկել յուրաքանչյուր պաշտպանին։

193 ընթացիկ գործ – մեկ պաշտպանի վարույթում միջինում միաժամանակ ընթացող քրեական գործերի քանակը։

Ի՞նչ է նշանակում մեկ պաշտպանին 1 ամսով տանել վարժական հավաքների.

193 քաղաքացի զրկվում է պատշաճ պաշտպանությունից. Մեկ պաշտպանի բացակայությունը 193 անձի թողնում է առանց իրավաբանական օգնության։

Համակարգային կոլապս. Այդ գործերը մյուս (առանց այն էլ ծանրաբեռնված) պաշտպաններին վերամակագրելը զրկում է թե՛ իրենց, թե՛ նոր ստանձնած պաշտպանյալներին որակյալ օգնություն ստանալու հնարավորությունից։

Վարույթների ձգձգում. Քրեական դատավարության սեղմված ժամկետների պայմաններում անհարմար վիճակում են հայտնվում նաև քննչական ու դատական մարմինները․ անխուսափելիորեն հետաձգվելու և չեն կայանալու հարյուրավոր քննչական և դատավարական գործողություններ։

Անհամաչափ մոտեցում

Անհասկանալի է մնում նման վերաբերմունքը հանրային պաշտպանների նկատմամբ այն պարագայում, երբ պետության կողմից ներգրավված մյուս հանրային մասնակիցները չեն հրավիրվում վարժական հավաքների։

Հետևությունները թողնում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ քաղաքացուց մինչև պետություն․․․

Կիսվել նյութով