ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում ավելացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախության դեպքերը։
Ըստ հաղորդագրության՝ խարդախները հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ, ապա բնակարանի նկատմամբ մեծ պահանջարկի պատրվակով պահանջում են կանխավճար՝ այն «ամրագրելու» համար։ Գումարը ստանալուց հետո նրանք դադարեցնում են կապը, արգելափակում օգտատիրոջը կամ ջնջում իրենց էջը։
Կիբեռոստիկանությունը հորդորում է երբեք կանխավճար չփոխանցել, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ գործ ունեք իրական սեփականատիրոջ կամ լիազորված գործակալի հետ։ Խորհուրդ է տրվում նաև ստուգել հայտարարությունը հրապարակած օգտահաշիվը, զգուշանալ շուկայականից անհամեմատ ցածր գներով առաջարկներից և վճարում կատարել միայն գրավոր պայմանագիր կնքելուց հետո։
Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ, անհրաժեշտ է հնարավորինս արագ կապ հաստատել բանկի հետ, պահպանել հաղորդագրություններն ու փոխանցման փաստաթղթերը և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։