Բրազիլիայի Տվյալների պաշտպանության ազգային վարչության պահանջով Discord հարթակը երկրում ժամանակավորապես դադարեցրել է ուղիղ հեռարձակումների գործառույթը: Պատճառը 13-ամյա աղջկա ինքնասպանության միջադեպն է. ըստ իշխանությունների՝ օգտատերերը նրան դրդել են այդ քայլին ուղիղ եթերի ընթացքում: Դեպքի առթիվ ձերբակալվել է հինգ դեռահաս:
Թեև Discord-ը հերքում է, թե ողբերգությունը ցուցադրվել է ուղիղ եթերում, երկրի առաջին տիկին Ռոզանժելա Լուլա դա Սիլվան կոչ է արել ամբողջությամբ արգելափակել հարթակը: SaferNet Brazil-ի տվյալներով՝ Discord-ի դեմ բողոքներն աճել են 54%-ով, իսկ կատարվածը համակարգային խնդրի հետևանք է: Այդուհանդերձ, տեխնոլոգիական ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ արգելափակումը լուծում չէ, քանի որ հանցագործները պարզապես կտեղափոխվեն այլ, ավելի վատ վերահսկվող ծառայություններ: