Եվրամիության խորհուրդը համաձայնել է Հայաստանի համար սահմանել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու և Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով:
Նախատեսվող միջոցներով կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։ Մասնավորապես, երկու տարի ժամկետով ժամանակավորապես կկասեցվեն հայկական մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։
ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցառումները վերաբերում են նաև այն ապրանքներին, որոնց արտահանումը նախկինում հիմնականում ուղղված էր ռուսական շուկա։ Դրանց թվում են թարմ մրգերը, բանջարեղենը, բույսերը, ինչպես նաև խմիչքներն ու ոգելից խմիչքները։