Երեկ գիշերը Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց և լուսադեմին նոր ավարտվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանքի ուղարկելու վերաբերյալ դատական նիստը: Միջնորդությունը քննում էր դատավոր Արամ Գրիգորյանը:
Առավոտյան պարզ դարձավ, որ դատավոր Ա. Գրիգորյանը բավարարել է առողջական ծանր վիճակում գտնվող և պատգարակի վրա դատարան բերված Գագիկ Խաչատրյանին կալանքի ուղարկելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Իսկ ո՞վ է դատավոր Արամ Գրիգորյանը: Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի սանիկն է, բայց բնավ այս հանգամանքի չէ դեր խաղացել մի քանի անգամ կալանքը մերժելուց հետո այս անգամ միլիարդատեր նախկին պաշտոնյային պարտադիր կալանքի ուղարկելու հարցում: Հատկապես, որ Սասուն Խաչատրյանն ու Գագիկ Խաչատրյանը իրար հետ վատ չեն եղել:
Խնդիրն այստեղ այլ է: Արամ Գրիգորյանը նաև Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով արդարացրած դատավորն է, և հենց նրա կայացրած վերդիկտն է, որ բորբոքել է Նիկոլ Փաշինյանի կրքերը: Փաշինյանը ամեն անգամ այս թեման հիշելիս հենց նրան է ակնարկում, թե «ձեր կարծիքով` դատավորը ձրի՞ է արդարացրել Գագիկ Ծառուկյանին»: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը դատավոր Արամ Գրիգորյանին մեղադրում է ոչ պակաս միլիարդատեր Գագիկ Ծառուկյանից կաշառք ստանալու և դրա դիմաց Ծառուկյանին արդարացնելու մեջ:
Ուստի, քանի որ այս անգամ էլ Արամ Գրիգորյանը գործ ուներ դարձյալ մեծահարուստ նախկին պաշտոնյայի հետ, հետևաբար, հաշվի առնելով Փաշինյանի զայրույթը, որ «այդ դատավորների հետևից էլ պետք է գնան», որոշել է, անկախ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից, նրան ուղարկել կալանքի, որ հանկարծ «Նաջարյանը մի հատ էլ սրա համար չկատաղի»: Կարճ ասած` ուզեր, չուզեր, պիտի տար կալանքը: Այլ հոդաբաշխ բացատրություն դժվար է սրան գտնել, քանզի եթե հիմա էլ Գագիկ Խաչատրյանին ազատեր կալանքից, անկախ դրա իրավական հիմնավորումներից, Փաշինյանի մոտ այլևս կասկած չէր մնա, որ այս դատավորը «ձրի չի ազատել պատասխանատվությունից այս մեծահարուստ նախկիններին»:
Սա, իրականում, խոսում է դատական համակարգի` մեկ անձի հույզերից, տրամադրությունից և պոռթկումների կախված լինելու և ահ ու սարսափի մեջ գործելու մասին: